Հայաստանում դեկտեմբերից 13 տարեկան մոտ 15 հազար աղջկա կպատվաստեն

Այսօր միջինը 100 կին յուրաքանչյուր տարի մահանում է արգանդի պարանոցի քաղցկեղից:
patvastum

Հայաստանում դեկտեմբերից պատվաստումների օրացույցում նոր պատվաստում է ներառվելու: Դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից սկսած 13 տարեկան աղջիկները պատվաստվելու են պապիլոմա վիրուսի դեմ: Սպասվող պատվաստման վերաբերյալ «Արմենպրես»ը զրուցել է ՀՀ առողջապահության նախարարության Իմունկանխարգելման ազգային ծրագրի համակարգող, Հիվանդությունների գրանցման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական Գայանե Սահակյանի հետ:

-Դեկտեմբերին 13 տարեկան աղջիկների շրջանում սկսվում է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների գործընթացը: Այն նախապատրաստական ի՞նչ փուլում է և արդյո՞ք կան նախնական տվյալներ, թե քանի աղջիկ է պատվաստվելու:

-Այո, դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից սկսած՝ նախատեսվում է սկսել 13 տարեկան աղջիկների շրջանում պատվաստվումները պապիլոմա վիրուսի դեմ: 2016 թվականի վիճակագրական տվյալներով, երկրում հաշվառված է 13 տարեկան մոտ 16 հազար աղջիկ: Մեր հաշվարկով կպատվաստվեն մոտ 15 հազարը: Այս պահին մենք նախապատրաստական ակտիվ փուլում ենք:

-Տիկին Սահակյան, որոշ քաղաքացիների շրջանում մտահոգություն կա այս պատվաստումների վերաբերյալ, խոսվում է բացասական հետևանքների մասին, տարբեր տեղեկատվական հարթակներից մեջբերվում են տեսանյութեր, հոդվածներ: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Ես տեղյակ եմ հասարակության շրջանում առկա մտահոգությունների, անհանգստությունների վերաբերյալ: Պետք է նշեմ, որ տեղեկատվական հարթակներից այդ հղումները, տեսանյութերն առանձին դրվագներ են: Գիտականորեն ապացուցված տեղեկատվությունը, որ կա համապատասխան միջազգային կազմակերպություններում, չեն համապատասխանում վերը նշված հղումներին: Ինչպես մյուս պատվաստումների դեպքում, այս պարագայում ևս հնարավոր են սպասվող ռեակցիաներ՝ այտուց, կարմրություն, ցավի առաջացում:

-Տիկին Սահակյան, այս պատվաստմանը դեմ արտահայտողները նշում են, որ շատ երկրներ հրաժարվել են դրանից՝ կասկածի տակ դնելով պատվաստանյութի արդյունավետությունը: Դուք ասացիք բազմաթիվ երկրներում այն կիրառվում է, կնշե՞ք դրանք:

-Այսօր պատվաստումներ իրականացվում են ավելի քան 70 երկրում, այնպիսի երկրներում ինչպիսիք են ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, արևմտյան եվրոպական երկրները: Ցանկում կան պետություններ, որոնք 10-ից ավելի տարի իրականացնում են այս պատվաստումը, և նրանցից որևէ մեկը չի դադարեցրել:

-Դուք նշեցիք, որ 70 երկրում այս պատվաստումը ներդրված է: Այդ երկրների փորձը հաշվի առնելով, ի՞նչ կանխատեսումներ կան:

-Այդ երկրներում գնահատումները ցույց են տվել, որ հիվանդացության նվազում է նկատվում: Դա խոսում է այն մասին, որ արգանդի պարանոցի քաղցկեղի հսկողությունը կհաջողվի, կկարողանանք 10-ից 7 աղջկա մոտ կանխել: Այսօր Հայաստանում միջինը 100 կին յուրաքանչյուր տարի մահանում է  արգանդի պարանոցի քաղցկեղից: Այս խնդիրը մեզ մոտ լուրջ է:

*

*