Պարտադիր բժշկական ապահովագրությունը Հայաստանում լավագույն դեպքում կներդրվի 2019-ի վերջից

Ապահովագրավճար կսահմանվի կամ բացարձակ թիվ, կամ աշխատավարձի առավելագույնը 2 տոկոսը:
levon-altunyan

Բնակչության պարտադիր բժշկական ապահովագրությունը Հայաստանում լավագույն դեպքում կներդրվի 2019 թվականի վերջից: Ապահովագրավճար կսահմանվի կամ բացարձակ թիվ, կամ աշխատավարձի առավելագույնը 2 տոկոսը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

«2018 թվականի 612 000 սոցիալապես անապահով անձանց  ապահովագրության  ծրագրի անթերի աշխատանքից հետո միայն կներդրվի բնակչության պարտադիր բժշկական ապահովագրությունը: Պարտադիր բժշական ապահովագրության համար կա երկու բանաձև, երբ ողջ ապահովագրավճարը՝ ամսական 6000 դրամը վճարում է քաղաքացին, կամ, երբ  50 տոկոսը վճարում է քաղաքացին, 50 տոկոսը՝ գործատուն»,-ասաց նախարարն ու հավելեց՝ փորձը ցույց է տվել, որ քաղաքացին պետք է վճարի, քանի որ այդ դեպքում իր առողջության նկատմամբ պատասխանատվությունը մեծանում է:

Ալթունյանի կարծիքով՝ նախանշված ամսական գանձվող 6000 դրամն աննախադեպ ցածր գումար է ողջ աշխարհի համար, այդ թվում՝ հետսովետական երկրների: Չեխիայում, որտեղ առողջապահությունը կարճ ժամկետում մեծ հաջողությունների է  հասել, ապահովագրավճարը կազմում է աշխատավարձի մոտ 15 տոկոսը: Հայաստանում աշխատավարձերն ավելի ցածր են, հետևաբար շատ ավելի ցածր կլինի ապահովագրավճարը:

 

*

*