Հայաստանում պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստված ոչ մի աղջկա մոտ բարդություն չի առաջացել

Միաժամանակ պարզվել է, որ ՄՊՊ պատվաստումներում ընդգրկվածությունը շատ ցածր է
patvastum

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնները գնահատել են ՀՀ-ում մարդու պապիլոմավիրուսային (ՄՊՊ) վարակի դեմ պատվաստումների ներդրման  գործընթացը սեպտեմբերի 10-17-ի դրությամբ: Գնահատման ամփոփ արդյունքները ներկայացվել են ՀՀ առողջապահության նախարարությունում` ՀՀ ԱՆ մասնագետների, փորձագետների և միջազգային մի շարք կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված հանդիպման ժամանակ:

Ըստ այդմ` մինչ այժմ պատվաստման միջին հանրապետական ցուցանիշը կազմել է 4.8 տոկոս, ըստ առանձին մարզերի` 2-9 տոկոս: Այս ընթացքում պատվաստված և ոչ մի աղջկա մոտ որևէ բարդություն չի գրանցվել, ինչը բարձրացրել է պատվաստման հանդեպ վստահությունը:

Ըստ փորձագետների գնահատման` երկրում գործող իմունականխարգելման ծրագիրը լիարժեք է, իսկ ՄՊՊ պատվաստումների ներդրման գործընթացն իրականացվել է` ներառելով բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Միաժամանակ գնահատման ընթացքում պարզվել է, որ ՄՊՊ պատվաստումներում ընդգրկվածությունը  շատ ցածր է`  նախապատվաստումային ժամանակահատվածում հակապատվաստումային քարոզչության պատճառով:

Մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումային  գործընթացի  բարելավման  նպատակով փորձագետներն առաջարկներ են ներկայացրել, մասնավորապես,  հասարակության շրջանում ՄՊՊ պատվաստանյութի արդյունավետության և արգանդի պարանոցի քաղցկեղի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման  գործընթացի բարելավման նպատակով ընդգրկել  բոլոր հնարավոր շահագրգիռ կառույցներին, ՄՊՊ-ին առնչվող տեղեկատվությունը տրամադրել` ելնելով գիտական և ապացուցողական բժշկության տեսանկյունից, ինչպես նաև ակտիվացնել «Իմունականխարգելման հարցերով հանրապետական փորձագիտական հանձնաժողով»-ի կողմից ՄՊՊ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշի բարձրացման ուղղությամբ միջոցառումները:

*

*