Փորձագետը՝ Երեւանում «Մակդոնալդս»-ի բացման եւ արագ սննդի վնասակարության մասին

Ցանցի բացումը խնդիրներ է առաջացնելու մեր ազգային սննդի ցանցերի զարգացման ու ընդլայնման համար
davit-pipoyan2

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը, խոսելով Երևանում «Մակդոնալդս» արագ սննդի ցանցի բացման ու դրա հնարավոր ռիսկերի մասին, նախևառաջ նկատեց, որ պետք է չմոռանալ արագ սննդի բազմաթիվ վնասակար հատկությունների, մասնավորապես՝ քաղցկեղածին ազդեցության մասին, ինչին հատկապես նպաստում է արագ սննդի ջերմային մշակումը։

Պիպոյանի խոսքով՝ մեզ մոտ « Մակդոնալդս» արագ սննդի ցանցի բացումը կարող է զգալի բացասական ազդեցություն գործել հատկապես երիտասարդության վրա, քանի որ, ըստ տեղեկությունների, մայրաքաղաքի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, դրա բացումը հանգեցնելու է երիտասարդների մեծ հոսքի առաջացմանը։
Փորձագետը նկատեց, որ սա բացասական ազդեցություն է ունենալու նաև տնտեսական տեսանկյունից, քանի որ արագ սննդի այս ցանցի բացումը խնդիրներ է առաջացնելու մեր ազգային սննդի ցանցերի զարգացման ու ընդլայնման համար, իսկ մեր ազգային խոհանոցը կարևոր նշանակություն ունի զբոսաշրջության տեսանկյունից, քանի որ մեր ազգային խոհանոցը բավականին գրավիչ է զբոսաշրջիկների համար։
Պիպոյանը նշեց, որ մեր հանրության շրջանում սննդային անվտանգության հարցում իրազեկվածությունը բավականին ցածր է, և մարդկանց մեծամասնությունը մեր ազգային խոհանոցի փոխարեն նախապատվություն է տալիս վնասակար ազդեցություն ունեցող շատ մթերքների։

*

*