2018-ին աշխարհում կարմրուկի պատճառով ավելի քան 140. 000 մարդ է մահացել

Մահացածների մեջ մեծամասնությունը կազմում են մինչև հինգ տարեկան երեխաները։
karmruk

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Միացյալ Նահանգների հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (ՀՎԿԿ) նոր տվյալների՝ 2018-ին աշխարհում կարմրուկի պատճառով ավելի քան 140. 000 մահ է գրանցվել։ Աշխարհում կարմրուկի վարակման դեպքերն ավելացել են՝ բռնկումներ առաջացնելով բոլոր տարածաշրջաներում։

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փոխանցմամբ, մահացածների մեծամասնությունը մինչև հինգ տարեկան երեխաներ են։

Վերջին տվյալները փաստում են, որ կարմրուկը առողջության վրա կարող է ավելի երկաժամկետ հետք թողնել՝ ամիսներ ու տարիներ շարունակ վնաս հասցնելով իմունային համակարգին։

Կարմրուկին կարելի է հաղթել պատվաստումների միջոցով։ Միայն նախորդ 18 տարիների ընթացքում կարմրուկի դեմ պատվաստանյութը աշխարհում 23 միլիոն մարդու կյանք է փրկել։  Աշխարհում 2018-ին երեխաների 86%-ը ստացել է կարմրուկի դեմ պատվաստանյութի մեկ չափաբաժին, իսկ անհրաժեշտ երկրորդ չափաբաժինը ստացել են երեխաների միայն 70%-ը։ Յուրաքանչյուր երկրի ու համայնքի բնակչությանը վարակից պաշտպանելու համար ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս, որ բնակչության 95%-ը պատվաստված լինի կարմրուկի դեմ երկու դեղաչափով։

2018-ին կարմրուկով վարակման ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Ուկրաինայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Լիբերիայում, Սոմալիայում։

Ըստ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը կայուն է, սակայն տարվա սկզբից գրանցվել է լաբորատոր հաստատված 7 դեպք, որոնք համաճարակաբանորեն կապվում են Ուկրաինայի, Վրաստանի և Ռուսաստանի հետ։

*

*