Հայաստանում «կարմրուկային» իրավիճակը բարենպաստ է. ՀՀ առողջապահության նախարարություն

Հայ-վրացական անցակետում գործում է...
hivandanoc

Այս պահին Հայաստանում իրավիճակը բարենպաստ է, կարմրուկով հիվանդների դեպքեր չեն բացահայտվել: Այս մասին Yerkirmedia.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հարևան Վրաստանում կարմրուկի  համաճարակի տարածմանը, նշեց ՀՀ առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Ըստ նրա՝ անկախ կարմրուկի համաճարակի դեպքերից՝ սահմանն անցնող մարդկանց առողջական վիճակը ստուգելու համար հայ-վրացական անցակետում գործում է նախարարության սանիտարակարանտինային կետ, որտեղ աշխատում են մասնագետները: Եթե ախտանշաններով, ջերմությամբ հիվանդներ են լինում, նրանց հայտնաբերում և ժամանակին մեկուսացնում են:

«Նաև մեր երկրում իրականացվում են տարբեր միջոցառումներ. Առողջապահության նախարարի հատուկ հրամանով պարբերաբար բուժաշխատողներին և բնակչությանը հիշեցնում ենք ՝ նրանց զգոնությունը բարձրացնելով, որ ցանային, ջերմության ախտանիշներ ունեցող հիվանդներին վաղաժամ հայտնաբերեն, որպեսզի ընդհատենք նաև հիվանդության փոխանցման շղթան»:

Գայանե Սահակյանը, հիշելով նախորդ տարիների փորձը, փաստում է, որ կարմրուկի համաճարակի նկատմամբ  մեր բնակչությունը բավականին բարձր իմունիտետ ունի. «2013թ.-ին Վրաստանում ավելի մեծ համաճարակ էր, Հայաստանում հատ ու կենտ դեպքեր եղան, եկան հիվանդներ, որը հետագա տարածում չունեցավ: Բոլոր դեպքերում դրանով չենք հանգստանում, և բոլոր բուժհաստատություններին հրահանգված է լինել չափից դուրս զգոն, եթե նշաններ տեսնեն՝ անմիջապես հաղորդեն և հակահամաճարակային միջոցառումներ ձեռնարկեն»:

Հիշեցնենք, որ Վրաստանում կարմրուկի համաճարակ է: Վերջին տվյալներով՝ արձանագրվել է 268 դեպք: Հիվանդացությունների շուրջ 70 տոկոսը բաժին է ընկնում Աջարիային:

Պատրաստեց՝

Հրաչուհի Ալմաստյանը

*

*