Կառավարությունը փոփոխություններ է կատարել դեղերը դուրս գրելու կարգում

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դեղատոմսով պետք է բաց թողնվեն դեղային որոշ խմբերը
degh-anvaver

Կառավարությունն օգոստոսի 15-ի նիստում ընդունել է «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծը:

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դեղատոմսով պետք է բաց թողնվեն հետևյալ դեղային խմբերը`  հսկվող դեղերը և դեղանյութերը (թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող), անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, ինչպես նաև համակարգային ազդեցությամբ հակավարակային դեղերը (հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերը, իմունային շիճուկները և իմունոգլոբուլինները, պատվաստանյութերը), ինչպես նաև միզոպրոստոլ պարունակող դեղերը: Սրանք կազմում են Հայաստանում գրանցված դեղերի շուրջ 13%-ը:

Մնացած բոլոր դեղատոմսային դեղերի համար կարգը կկիրառվի 2023 թվականից՝ էլեկտրոնային առողջապահության լիարժեք ներդրումից հետո, որը կապահովի նկարագրված գործընթացների դյուրացում՝ ապահովելով ցանկացած դեղատնից դեղատոմսում դուրս գրված դեղի մնացորդային քանակները ձեռք բերելու հնարավորություն:

Նշենք, որ որոշմամբ սահմանվել են պահանջներ թղթային և էլեկտրոնային դեղատոմսեր գրելու համար:

*

*