Ճապոնական օրիգամի 1000 կռունկները հույս ու սեր կտան Արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաներին

Կայացավ «Լույսի կռունկներ» ծրագրի շրջանակներում...
origami

Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում հունիսի 12-ին կայացավ «Լույսի կռունկներ» ծրագրի շրջանակներում 1000 կռունկների նվիրատվության արարողությունը:

Լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան նշեց, որ օրիգամի տեսակի թղթից պատրաստված կռունկները Ճապոնիայում իրենց մեջ երջանկության խորհուրդ են կրում:

«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը, կարևորելով նախաձեռնությունը, նշեց, որ այն հուսադրում և նորից ուշադրության կենտրոնում է պահում մեր երեխաներին:

Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն էլ, ներկայացնելով ճապոնական օրիգամի կռունկների լեգենդը, նշեց, որ այն նվիրված է Հերոսիմայի և Նագասակիի աղետից հետո լեյկեմիայով հիվանդացած երեխաներին: «Աղետից հետո երեխաներից մեկը որոշել է, որ կռունկներ պետք է պատրաստի և ուղարկի տարբեր վայրեր, իսկ հազարերորդ կռունկն ուղարկելուց հետո պետք է առողջանա»,-պատմեց նա:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Սադակոն հավատում էր ճապոնական լեգենդին, ըստ որի` եթե թղթից հազար կռունկ ծալես, ապա երազանքդ կիրականանա: Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության ժամանակ (1945 թ.) Սադակոն ընդամենը 2 տարեկան էր: Ռմբակոծության հետեւանքներն ի հայտ եկան 10 տարի անց, երբ 12-ամյա Սադակոն լեյկեմիայով հիվանդացավ: Նա հիվանդանոցում սկսեց կռունկներ պատրաստել ձեռքի տակ եղած բոլոր թղթերից, նույնիսկ դեղերի տուփերից ու դեղատոմսերից` երազելով առողջանալու մասին, բայց 644-րդ կռունկը պատրաստելուց հետո մահացավ: Ընկերներն ավարտեցին աղջկա սկսածը` կռունկների թիվը հասցնելով 1000-ի, եւ Սադակոյին հուղարկավորեցին այդ կռունկների հետ:

*

*