Հայաստանում վերջին 10 տարում նվազել է հղիության արհեստական ընդհատումների թիվը

Հաջողվել է նվազեցնել սելեկտիվ աբորտների ցուցանիշը:
hxi-hghi

Հղիության արհեստական ընդհատման հատկապես պտղի սեռով պայմանավորված դեպքերի թիվը վերջին մոտ 10 տարում Հայաստանում նվազել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մայրության եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:

Նա ընդգծեց, որ այսօր Հայաստանում ավելացել են պտղի մահացությամբ, պտղի ներարգանդային աճի դանդաղեցմամբ, արատներով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման դեպքերը:

«Այսօր Հայաստանում մեկ աբորտին բաժին է ընկնում 6-7 երեխայի ծնունդ, սակայն 90-ական թվականներին այս հարաբերակցությունը կազմել է 1:3: 90-ական թվականներին եղել է 78 հազար ծննդաբերություն և մոտ 26 հազար հղիության արհեստական ընդհատում: 2010 թվականին այս ցուցանիշը սկսել էր նվազել և հասել էր մինչև 8500, 2015-2017 թվականներին՝ 6000-6500»,- շեշտեց Ավագյանը:

Մասնագետը նշեց, որ ախտորոշման ժամանակակից մեթոդների ներդրումը թույլ է տալիս կրկնակի կրճատել ինքնաբերական աբորտների (վիժումների) թիվը:  2012-2014 թվականներին գրանցվել է նման 4500 վիժում, վերջին տարիներին ցուցանիշը նվազել է մինչև 2000:

Նա ասաց, որ մշակված պետական միջոցառումների շնորհիվ Հայաստանում հաջողվել է նվազեցնել սելեկտիվ աբորտների ցուցանիշը:

«Մի քանի տարի առաջ Հայաստանում 100 աղջկա դիմաց ծնվում էր 115-116 տղա, և սա մեծ տարբերություն էր: Այսօր իրավիճակը մի փոքր այլ է և ավելի կայուն՝ 100 աղջկա դիմաց ծնվում է 110 տղա»,- տեղեկացրեց Գայանե Ավագյանը  և հավելեց, որ հանրապետությունում հղիության սելեկտիվ ընդհատումներն արգելվել են:

Ավագյանի խոսքով՝ ընդհատումը կատարվում է կնոջ ցանկությամբ՝ մինչև 12-շաբաթական հղիության ժամկետի դեպքում, սակայն բացառություն է կազմում հղիության ընդհատումը բժշկական և սոցիալական ցուցումների դեպքերում: Այդ պարագայում հղիության ժամկետը կարող է հասնել 12-22 շաբաթի:

Ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ մասնագետը շեշտեց, որ Հայաստանում հղիության արհեստական ընդհատումների ցուցանիշներն ավելի ցածր են, քան Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում:

 

*

*