Լեւոն Ալթունյան. Այո, ժամանակին շոշափելով կամ լսելով ախտորոշում էին և բուժում, բայց…

Բացվել է «Հիստոջեն» պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնը։
altunyan-balayan-histojen

Երևանում այսօր իր դռներն է բացել «Հիստոջեն» պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնը։

Բացմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, բժշկական կենտրոնների և լաբորատորիաների ղեկավարներ ու մասնագետներ։ Նախարարը շրջել է նորաբաց կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին, գործիքային հագեցվածությանը, հետազոտությունների նախատեսվող ծավալներին, ինչպես նաև ծրագրերին։

Նախարարին ներկայացվել է, որ միջազգային չափանիշներին համապատասխանող լաբորատոր կենտրոնն առաջարկում է պաթոմորֆոլոգիական ծառայությունների մատուցման ժամանակակից մոտեցում: Նշվել է, որ առկա տեխնոլոգիաների ներդրումը և բժշկագիտության զարգացման ռիթմին համահունչ ծառայությունները կարող են նպաստել  ախտորոշման, հետևաբար և բուժման  արդյունավետության բարձրացմանը։

Պատասխանելով լրագրողների հարցերին` Լևոն Ալթունյանն ասել է. «Պաթանատոմիական  ախտորոշումները բժշկության հիմնաքարն են: Այո, ժամանակին շոշափելով կամ  լսելով  ախտորոշում էին և բուժում: Բայց մենք 21-րդ դարում ենք ապրում, և պետք է հստակ իմանանք, թե  ինչ հիվանդություն ենք  բուժում: Պաթանատոմիան հենց այդ հնարավորությունն է ընձեռում: Եվ որքան այդ ծառայությունը մոտ է բժշկագիտության վերջին  նվաճումներին, այնքան ախտորոշումներն ավելի ճշգրիտ են, իսկ բուժումը՝ առավել արդյունավետ»:

 

*

*