Հեպատիտ C-ով հիվանդների 70 տոկոսը ՀՀ-ում բուժում է ստանում հայ-վրացական ծրագրով

Բուժումն իրականացվում է հեպատիտ C-ի համատարած բուժման ծրագրի շրջանակում, որն ավարտին կհասցվի 2017-ի հոկտեմբերի վերջին:
levon-altunyan

Հեպատիտ C-ով հիվանդների 70 տոկոսն այսօր Հայաստանում ստանում է ժամանակակից բուժում՝ շնորհիվ  վրաց բարեկամների տրամադրած «Սովալդի» դեղամիջոցի: Բուժումն իրականացվում է հեպատիտ C-ի համատարած բուժման ծրագրի շրջանակում, որն ավարտին կհասցվի 2017-ի հոկտեմբերի վերջին: Ամբողջ ծրագիրը գնահատվում է մոտ 110 մլն դոլար, որից մոտավորապես 85 մլն-ի դեղորայքը տրամադրել է Վրաստանը: Հուլիսի 27-ին՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

«Այսօր մենք հեպատիտների առումով ունենք բավականին դրական ցուցանիշ: Դա նաև հայ և վրացի ժողովուրդների միջև ընկերակցության շնորհիվ է: Այս տարվա այցի ընթացքում հնարավոր դարձավ 1000 հիվանդի բուժման դեղորայք ստանալ վրացի բարեկամներից անվճար կերպով: Այդ օրվանից իրականացնում ենք  հեպատիտ C-ի համատարած բուժման ծրագիրը: Եվ 70 տոկոսն այն հիվանդների, որոնք կարող են բուժվել ժամանակակից մեթոդներով, ստանում են այդ բուժումը»,-ասաց Լևոն Ալթունյանը:

Նախարարն ասաց, որ հեպատիտը ներկայիս առողջապահական չարիքներից մեկն է: Այն մեծ վնաս է թե′ առողջությանը, թե′ տնտեսությանը: «Հուլիսի 28-ը ԱՀԿ-ի կողմից պատահական չէ ընտրված, որպես Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր: Հենց այդ օրն է ծնվել այն մարդը, ում մոտ առաջին անգամ հայտնաբերվել է հեպատիտ С»,-եզրափակեց Լևոն Ալթունյանը:

*

*