Հայաստանում առաջին անգամ 680 գրամանոց երեխային ենթարկել են սրտի վիրահատության

«Երեխայի մոտ բաց բոտալյան ծորան էր, ուստի անհրաժեշտ եղավ վիրահատել երեխային»
yerekha

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային վերակենդանացման բաժանմունքում Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի սրտի վիրաբուժության թիմը՝ բժիշկ Գագիկ Հեբոյանի ղեկավարությամբ, իրականացրել է ծայրահեղ ցածր ծննդյան քաշով (680գ) նորածնի սրտի վիրահատություն։ «Արմենպրես»-ի հետ զրույցում վիրաբույժ Գագիկ Հեբոյանն ասաց, որ բացառիկ է նման քաշ ունեցող երեխային վիրահատելը:

«Երեխան ծնվել է Մարգարյան հիվանդանոցում 26 շաբաթականում, այսինքն՝ անհաս, և միացված էր արհեստական շնչառության սարքին: Երեխայի մոտ բաց բոտալյան ծորան էր, ուստի անհրաժեշտ եղավ վիրահատել երեխային»,-տեղեկացրեց նա:

Հեբոյանի խոսքով՝ երեխան դեռևս գտնվում է ծանր վիճակում: «Քանի որ ռիսկային էր նման քաշով երեխայի ավտոմեքենայով տեղափոխել Նորք-Մարաշ սրտաբանական կլինիկա, հետևաբար որոշվեց վիրահատությունն անցկացնել այնտեղ, որտեղ երեխան ծնվել էր»:

Վիրահատությունը կատարվել է հունիսի 26-ին։ Սա նվազագույն քաշով պացիենտն է, ով երբևիցե Հայաստանում կրել է սրտի վիրահատություն։

*

*