Գյումրիում բացվել է ժամանակակից ակնաբուժական կենտրոն

Նախաձեռնությունը հնարավոր է դարձել Հայկական ակնաբուժական նախագծի...
aknabujakan-kentron-gyumri2 (1)

Տեսողական խնդրիների լուծման համար այսուհետ  շիրակցիները չեն հասնի Երևան: «Գյումրի» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 27-ին  բացվեց  Հայկական ակնաբուժության նախագծի Օհաննես Ջոն Խաչիկյանի անվան մարզային ակնաբուժական կենտրոնը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆյա Հովսեփյանը, Հայկական ակնաբուժության նախագծի ղեկավարությունը, ներկայացուցիչներ առողջապահության նախարարությունից, ԱՄՆ-ից ժամանած անվանի ակնաբույժներ և բարերարներ:

Կենտրոնն ապահովված է նորագույն սարքավորումներով, այստեղ գործելու է վիրահատարան ու ակնային զննման բաժանմունք: Վիրահատություններն իրականացնելու են Հայկական ակնաբուժության նախագծի և Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի վերապատրաստումn անցած փորձառու մասնագետները: Սարքավորումների ձեռքբերումը, սենյակների կահավորումն ու կենտրոնի գործարկմանն անհրաժեշտ այլ աշխատանքներ իրականացվել են Շիրակի մարզպետարանի, Հայկական ակնաբուժության նախագծի, ՀՀ առողջապահության նախարարության ջանքերի շնորհիվ:

«Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ նորաբաց կենտրոնը հագեցված է  նորագույն տեխնոլոգիաներով: «Կենտրոնում  ինչպես հետազոտական, այնպես էլ վիրահատական նորագույն սարքավորումներ  են: Ինչ մնում է մասնագետների խնդրին, պարբերաբար Գյումրի վիրահատություն կատարելու կգան մասնագետներ  Երևանից: Ընդհանուր առմամբ, մասնագետների խնդիր չի լինի:  Սրանով  կկանխվի  Շիրակի մարզի բնակչության հոսքը մայրաքաղաք»,- նշեց բուժհաստատության տնօրենը փաստելով՝ ծառայություններ կլինեն ինչպես վճարովի, այնպես էլ պետական պատվերի շրջանակներում:

Նախաձեռնությունը հնարավոր  է դարձել Հայկական ակնաբուժական նախագծի երկարամյա բարեկամ և հովանավոր Լութեր  Ջոն  Խաչիկյանի նվիրատվության շնորհիվ:

Հայկական ակնաբուժության նախագիծը «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում 2005 թվականից ակնաբուժական ծառայություններ է մատուցում Շիրակի մարզի բնակիչներին: Ծրագրի շրջանակներում ավելի քան 35 հազար անձ անցել է ակնաբուժական հետազոտություն:

 

*

*