Սկսվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնը․ ԱՆ

«Այսօր հանրապետությունում դիտվող իրավիճակը համահունչ է նախորդ տարիների գրիպի սեզոնին»
grip

Հոկտեմբերից սկսվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնը (ընթացիկ տարվա հոկտեմբերից (40-րդ շաբաթ) մինչև հաջորդող տարվա մայիս (20-րդ շաբաթ):

Վարակիչ հիվանդությունների համակարգում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում գրիպը և սուր շնչառական վարակները, որոնց նկատմամբ ընկալ են բոլոր տարիքի մարդիկ:

Համաձայն առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության՝ այսօր հանրապետությունում դիտվող իրավիճակը համահունչ է նախորդ տարիների գրիպի սեզոնին, ավելին` արձանագրվող սուր շնչառական վարակները, ըստ համաճարակաբանական շաբաթական վերլուծությունների արդյունքների, 1,8 անգամ ցածր է հիվանդացության ամենացածր շեմից: Այս համատեքստում առավել բարձր ցուցանիշերն արձանագրվել են 0-14 տարեկան երեխաների շրջանում:

Ինչ վերաբերում է հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների շրջանառող հարուցիչներին, ապա պետք է նշել, որ այս պահի դրությամբ հանրապետությունում գրիպի վիրուսներ չկան, շրջանառվում են սուր շնչառական վարակների հարուցիչներ՝ ադենովիրուսներ, ռինովիրուսներ, պարագրիպ, այն էլ եզակի դեպքերում:

Գրիպի նկատմամբ շարունակաբար կազմակերպվում և իրականացվում են բազմաթիվ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, սակայն վերջինս շարունակվում է արձանագրվել բնակչության շրջանում, ավելին` ձեռք բերելով պանդեմիկ ներուժ` առողջապահության համար ստեղծելով նոր խնդիրներ:

Համաճարակային իրավիճակը երկու փուլով է  ընթանում: Առաջին փուլում ավելի ծանրաբեռնված են աշխատում պոլիկլինիկական կազմակերպությունները, երկրորդ  փուլն ավելի ծանր է, որն արձանագրվում է Ամանորի տոներից հետո մինչև փետրվարի երկրորդ կամ երրորդ տասնօրյակը: Այս պարագայում ոչ ոք չի կարող բացառել, որ հոսպիտալացման դեպքեր չեն լինի, որովհետև ցանկացած անձ խոցելի է գրիպի և շնչառական հարուցիչների նկատմամբ:

 

*

*