«Գարդասիլ»-ի և անպտղաբերության միջև պատճառահետևանքային կապ չի հայտնաբերվել

Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ կոմիտեն հայտարարել է․․․
patvastanyut

Մանրամասն հետազոտության արդյունքում Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ կոմիտեն հայտարարել է, որ պապիլոմա վիրուսի պատվաստանյութի և մի շարք ախտորոշումների միջև պատճառահետևանքային կապ չկա: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Իմունկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

«Ժնևում Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ կոմիտեն մշտապես քննարկում է տվյալ պահին առկա պատվաստանյութի հետ կապված հետազոտությունները: Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների հետ կապված դիտարկվել են մի շարք ախտորոշումներ` կապված պտղաբերության, անաֆոլաքսիայի, արյան համակարգի հիվանդությունների` տրոմբոէմբոլիայի, աուտոիմուն փոփոխությունների, շնչառական, սրտանոթային համակարգի խնդիրների, հաճախասրտության (տախիկարդիայի) և այլնի հետ: Մանրամասն հետազոտությունների արդյունքում հունիսին հրապարակել են տվյալներ, որ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի և այդ ախտորոշումների միջև պատճառահետևանքային կապ չկա»,-ասաց Սահակյանը:

Իրականացվել են 270 մլն դեղաչափ պատվաստումներ և դրանց արդյունքում որևէ ապացույց չի հայտնաբերվել, որ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութը ազդում է նշված ախտորոշումների առաջացման վրա:

Ինչպես բոլոր պատվաստումների, այնպես էլ այս պատվաստման պարագայում ծանր ալերգիկ ռեակցիայի դեպքում երկրորդ պատվաստում չի իրականացվում:

«Պատվաստվածների մոտ ութսուն տոկոսի մոտ կարող է լինել կարճատև ցավ, մոտ 10 տոկոսի մոտ` ջերմություն: 1.1 տոկոսի դեպքում անաֆիլաքսիա կարող է գրանցվել: «Սակայն անաֆիլաքսիան պայմանավորված չէ կոնկրետ պատվաստանյութի ազդեցությամբ: Բժիշկներին նաև հրահանգ է տրվել` խրոնիկ հիվանդությունների, սրացումների ժամանակ չպատվաստել»,- նշեց Սահակյանը:

Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները առաջինը կարվեն 2004 թվականի հուլիսից հետո ծնված աղջիկներին: Նրանց թիվը Հայաստանում շուրջ 16 հազար է։  Պատվաստումները կսկսվեն դեկտեմբերի 11-ից: 

Պատվաստումները կիրականացվեն ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում:

*

*