Եվրոպայում կարմրուկով վարակվածների թիվը ռեկորդային է․ ԱՀԿ

Եվրոպայում կարմրուկի հետ կապված առավել ծանր վիճակ է ստեղծվել հատկապես Ուկրաինայում:
karmruk

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Եվրոպայում կարմրուկով վարակվածների ռեկորդային թիվ է արձանագրել վերջին 10 տարում: Այս մասին տեղեկացնում է կազմակերպության կայքէջը:

«2018 թվականին կարմրուկից մահացել է Եվրոպայի տարածաշրջանի 72 բնակիչ՝ և′ երեխաներ, և′ չափահասներ: 2018 թվականի հունվարից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, երկրների ամսական հաշվետությունների տվյալներով (որոնք ստացվել են 2019 թվականի փետրվարի 1-ի դրությամբ), կարմրուկով 82 հազար 596 մարդ է վարակվել տարածաշրջանի 53 երկրներից 47-ում»,- ասվում է զեկույցում:

Միաժամանակ նշվում է` 2018 թվականին կարմրուկով վարակվածների թիվը եռակի գերազանցում է 2017 թվականի նույն ցուցանիշը և 15 անգամ՝ 2016 թվականի ցուցանիշը:

«Հոսպիտալացման վերաբերյալ տվյալներ տրամադրած երկրներում հոսպիտալացվել է հիվանդացածների առնվազն երկու երրորդը (61 տոկոսը)»,- նշել են ԱՀԿ-ում:

Եվրոպայում կարմրուկի հետ կապված առավել ծանր վիճակ է ստեղծվել հատկապես Ուկրաինայում: Ըստ ԱՀԿ-ի զեկույցի` Ուկրաինայում հիվանդացել է 53 հազար 218 մարդ: Հիվանդացածների թվով առաջատար են նաեւ Սերբիան (5 076), Ֆրանսիան (2 913) եւ Իտալիան (2 517):

*

*