Եվրոպայում կարմրուկի ռիսկը բարձր է, ճանապարհորդելիս խորհուրդ է տրվում պատվաստվել

53 երկրից 47-ում այսօր այդ խնդիրը կա:
gayane-sahakyan

Եվրոպական երկրներում կարմրուկի տարածման ռիսկը բարձր է, մասնագետները հորդորում են այցելելուց առաջ պատվաստվել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը նշեց, որ զբոսաշրջության ակտիվ շրջանում վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը բարձրանում է: Հետևաբար, ճիշտ կլինի այս կամ այն երկրում հանգիստ կազմակերպելիս տեղեկանալ նաև հիվանդությունների տարածման մասին:

«Ներկայում ռիսկային են եվրոպական երկրները՝ կապված կարմրուկի տարածման հետ: Առանձնացվում են Ֆրանսիան, Գերմանիան, Բուլղարիան, Ալբանիան, Իտալիան: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ 53 երկրից 47-ում այսօր այդ խնդիրը կա: Ընդամենը վեց երկրում կարմրուկի վիրուսի տեղական շրջանառություն չկա, դրանց թվում Հայաստանն է»,-ասաց մասնագետը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն, բոլոր 6 տարածաշրջաններում դիտվում է կարմրուկի տարածվածության աճ: 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում աճը կազմել է 300 տոկոս:

Ինչ վերաբերում է այլ վարակիչ հիվանդություններին, ապա Գայանե Սահակյանը նշեց, որ արևադարձային երկրների դեպքում խորհուրդ են տրվում դիֆտերիայի և փայտացման դեմ պատվաստումները: Պակիստանի, Աֆղանստանի, Նիգերիայի դեպքում անհրաժեշտ է պատվաստվել պոլիոմելիտի դեմ: Հարավային Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի երկրների դեպքում էլ անհրաժեշտ է պատվաստվել դեղին տենդի և որովայնային տիֆի դեմ:

*

*