Դիզենտերիայի դեպքեր՝ Երեւանի մանկապարտեզներից մեկում

«Գուլիվեր» նախադպրոցական հաստատության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է:
mankapartez

Երևանում երեխաների շրջանում արձանագրվել են դիզենտերիայի դեպքեր. ոչ թե ջուրն է պատճառը, այլ մանկապարտեզում սննդի երկրորդային աղտոտումը: Նաեւ շոգերն են նպաստում:

Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության խոսնակ Լիանա  Եղիազարյանը:

«Վերջին օրերին Երևանի 2 բժշկական կազմակերպությունում նկատվել էր միանման գանգանտերով երեխաների դիմելիության ակտիվություն: Կազմակերպված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաները հաճախում են «Գուլիվեր» նախադպրոցական ուսումնական հաստատություն: Երեխաների վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության: Նրանց շրջանում նկատվել է լուծ, փսխում, բարձր ջերմություն, թուլություն»,- հայտնել է նա:

Խոսնակը տեղեկացրել է, որ ներկայում հիվանդների մոտ նկատվում է առողջացման դրական տեղաշարժ, ստանում են համապատասխան բուժում: Ընդհանուր առմամբ, գրանցվել է 18 հիվանդ: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում 9 երեխայի մոտ հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ (շիգելա զոնե):

Կեցության պայմանների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են սանիտարական նորմերի և հիգիենիկ կանոնների կոպիտ խախտումներ, մասնավորապես՝ խոհանոցում, ինչն էլ պատճառ է դարձել երեխաներին տրամադրվող սննդի երկրորդային աղտոտման:

Խախտումների վերացման եւ վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով «Գուլիվեր» նախադպրոցական հաստատության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է:

 

*

*