Առողջապահության նախարարությունը դեղերի անվտանգության վերաբերյալ հուշագիր է ստորագել

Նախարարն առաջարկել է առավել արդյունավետ դարձնել պետական ու մասնավոր ընկերությունների համագործակցությունը:
aroghjapahutyun-hushagir

Կարևորելով դեղերի անվտանգությունը՝ ՀՀ առողջապահության նախարարությունը համագործակցության հուշագիր է ստորագրել եվրոպական դեղագործական 15 ճանաչված ընկերության տարածաշրջանային անվտանգության պատասխանատուների հետ։ Հիմնական նպատակը տարածաշրջանում այդ ընկերությունների կողմից արտադրվող դեղերի կեղծման դեպքերի բացահայտումն ու դրանց կանխարգելման ուղղությամբ համատեղ միջոցառումների իրականացումն է։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այս համագործակցության շրջանակում հերթական  համատեղ միջոցառումը դեղերի շրջանառության կարգավորման  հարցերին նվիրված «Դեղերը և սպառողի անվտանգությունը» խորագրով համաժողովն էր։

Մինչև  սպառողին  հասնելը,  դեղը  պետք  է  անցնի  մի շարք  գործընթացներ՝  երաշխավորելու  համար,  որ  սպառողը ստանում է որակյալ, անվտանգ և արդյունավետ դեղ: Այս երեք հատկանիշներով  է  պայմանավորված  դեղի  նպատակային կիրառումը՝  որպեսզի  այն  իսկապես  բուժի  կամ  կանխարգելի հիվանդությունները: Բայց, քանի որ սպառողը չի կարող ինքնուրույն գնահատել դեղի այս հատկանիշները` դրա շրջանառության  բոլոր  օղակներում`  ստեղծումից  մինչև կիրառում, իրականացվում է կենտրոնացված  հսկողություն։

Այս ամենի մասին նշվել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ համաժողովի մի խումբ մասնակիցների հանդիպման ընթացքում։

Կարևորելով դեղերի որակի, անվտանգության և արդյունավետության ապահովումը՝ Լևոն Ալթունյանն առաջարկել է մի շարք ոլորտներում, այդ թվում՝ դեղերի կլինիկական փորձարկումներն իրականացնելիս, առավել արդյունավետ դարձնել պետական  ու  մասնավոր ընկերությունների համագործակցությունը:

*

*