Չսահմանված վայրում ծխելու համար կտուգանվեն 250 հազար դրամի չափով — Երկիր Մեդիա

Չսահմանված վայրում ծխելու համար կտուգանվեն 250 հազար դրամի չափով

ԱՆ կողմից շրջանառության մեջ է դրվել նոր օրենքի նախագիծ
ckhakhot

Առողջապահության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել նոր օրենքի նախագիծ, որով կկանխարգելվի կամ կնվազեցվի  ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցությունը:

Սահմանվում է, որ ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործումը կարգելվի փակ տարածքներում, հասարակական վայրերում:Մասնավորապես կարգելվի.

1) Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների, առողջարանային հաստատությունների տարածքներում,

2) նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատություններում, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատությունների տարածքներում,

3) մանկապատանեկան մարզական կազմակերպությունների տարածքներում,

4) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում,

5) թատերահամերգային, թանգարանային, գրադարանային, կինոթատրոնների և ժամանցային կենտրոնների տարածքներում,

6) մարզական դահլիճների, համալիրների և մարզադաշտերի տարածքներում,

7) հանրային սննդի օբյեկտներում (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ),

8) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ այն պատմության և մշակույթային անշարժ հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ.

9) բնության հատուկ պահպանվող տարածքներում,

10) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկների, պետական առեւտրային և ոչ առեւտրային իրավաբանական անձանց  գործունեության տարածքներում,

11) տրանսպորտում (ուղեւորափոխադրում իրականացնող տրանսպորտ, երկաթուղային, վերգետնյա էլեկտրական, մետրոպոլիտեն), տրանսպորտի կանգառներում, սպասասրահներում, ուղևորների սպասարկման համար նախատեսված տարածքներում,

12) օդանավակայաններում (բացառությամբ ծխելու համար հատկացված տարածքների), ճոպանուղիների տարածքներում, երկաթուղու և մետրոպոլիտենի կայարաններում, ավտոկայարաններում, ավտոկայաններում,

13) hյուրանոցային տնտեսության օբյեկտներում (հյուրանոցները, մոթելները, հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները, հանգստյան և մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային, մանկապատանեկան եւ ճամբարային բնակատեղիները (համալիրները), զբոսաշրջային տները),

14) բազմաբնակարան շենքների վերելակներում և ընդհանուր օգտագործման տարածքներում,

15)հակահրդեհային կանոններով նախատեսված տարածքներում,

16) շենքներում, շինություններում տեղակայված աշխատանքային գործունեության համար նախատեսված տարածքներում,

17) խաղատներում, առևտրի և զվարճանքի օբյեկտներում:

Օրենսդրական փաթեթով փոփոխություններ են նախատեսված նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում: Չսահմանված վայրում ծխելը առաջացնում է տուգանքի նշանակում` 250 հազար դրամի չափով: Եթե անձը նույն արարքը 3 ամսվա մեջ կատարել է երկրորդ անգամ, ապա կտուգանվի 500 հազար դրամով:

*

*