ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրը լուսաբանելն ունի իր առանձնահատկությունները

Նախկինում հրապարակումներն ավելի շատ մեղադրող էին, կոպիտ...
heh-spid

Ծաղկաձորում շարունակվում է «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդիական հարցեր. ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի իմացության նշանակությունը, ինքնաթեստավորում ՄԻԱՎ-ի վերաբերյալ» խորագրով սեմինար-վարժանքը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված սեմինարային երկրորդ օրվա ընթացքում արծարծվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող թեմաների լուսաբանման առանձնահատկությունները, ներկայացվում և քննարկվում են հայաստանյան լրատվամիջոցներում թեմայի շուրջ առանձին լուսաբանումներ։

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանն իր խոսքում նկատեց, որ խնդիրը խիստ նրբաբնույթ է. վերաբերում է մարդու անձնական, վարքագծին, բնականաբար, այդ խնդիրը լուսաբանելն ունի իր առանձնահատկությունները, ուստի լրագրողները պետք է տեղեկացված լինեն, որպեսզի ստույգ ինֆորմացիա տարածեն։ Հանդիպման ընթացքում քննարկվեց, թե լրագրողների կողմից ինչպես է պետք տրամադրել տեղեկատվությունը, ինչ մեթոդներ, գործիքներ կիրառել։

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակից Արևիկ Պետրոսյանը շեշտեց, որ չորրորդ իշխանությունից է կախված, թե հասարակությունն ինչ կարծիք կձևավորի հիվանդության վերաբերյալ և ինչ մոտեցում կունենա ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ։ Նա նշեց, որ դիտարկելով վերջին տարիների դինամիկան՝ կարելի է նկատել, որ դրական փոփոխություն կա թեմայի լուսաբանման հետ կապված։ Եթե նախկինում հրապարակումներն ավելի շատ մեղադրող էին, կոպիտ, պարունակում էին խարանի և խտրականության տարրեր, ապա այժմ լուսաբանումներն ավելի նրբանկատ են, և դա հետևանք է մարդկանց տեղեկացվածության բարձրացման, ճիշտ ինֆորմացիայի հասանելիության։

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ներկայացուցիչների տեղեկացմամբ՝ թեմային ավելի շատ անդրադառնում են դեկտեմբերի 1-ին` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը։ Մասնագետները խորհուրդ տվեցին թեմայի մասին գրել պարբերաբար, լուսաբանելիս լինել անկողմնակալ, թույլ չտալ, որ անձնական վերաբերմունքն անդրադառնա թեմաների քննարկման վրա, հրապարակումներ անելիս հիմնվել փաստերի վրա, ուշադիր լինել բառեր և արտահայտություններ ընտրելիս։

Սեմինարի բանախոսների կողմից կարևորվեց նաև ՄԻԱՎ կարգավիճակն իմանալը և ինքնաթեստավորման հնարավորությունը։

*

*