Բժշկական համակարգի հաշտարարը կապահովի արագ և անվճար պաշտպանություն

Առաջին անգամ կամրագրվի պացիենտների իրավունքների պաշտպանության միջազգայնորեն ընդունված առանձին ինստիտուտ
aroxjapahutyan-naxararutyun

Առաջիկայում Հայաստանում կներդրվի  բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտը։ Այդ նպատակով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրել է միջազգային փորձը, ինչի հիման վրա հստակեցվել են ստեղծվելիք կառույցի գործառույթները։

Բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտի ներդրումը չի ենթադրում վերահսկողության և մոնիտորինգի մեխանիզմների վերացում։ Թափանցիկ այս համակարգը կլրացնի եղած հնարավորությունները` բողոքներին արագ և պատշաճ արձագանքելու, բնակչության շրջանում դժգոհությունները նվազագույնին հասցնելու նպատակով։ Այդպիսով, կառույցը կարող է լրջորեն նպաստել պացիենտ-բժիշկ/բուժհաստատություն փոխհարաբերությունների ընթացքում ծագող վեճերն արագ և արդյունավետ լուծելուն, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Մշակվել է «Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը: Այն ներկայացվել է  շահագրգիռ մարմիններին, դրվել շրջանառության մեջ։ Հայեցակարգը  նաև տեղադրվել է e-draft կայքում, ապա, սահմանված ժամկետում, ներկայացվել է ՀՀ կառավարություն։

Հայեցակարգի ընդունումը իրավական հիմք կհանդիսանա «Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակման համար։ Արդյունքում, առաջին անգամ կամրագրվի պացիենտների իրավունքների պաշտպանության միջազգայնորեն ընդունված առանձին ինստիտուտ` ապահովելով պացիենտների իրավունքների մասնագիտացված, անվճար, արագ և արդյունավետ պաշտպանությունը:

*

*