Հանրապետությունում ակտիվացել են աղիքային վարակները, դիզենտերիան

Ակտիվությունն ակնհայտ է հատկապես հունիս ամսվանից սկսած
hivandanoc

Հանրապետությունում աղիքային վարակների ակտիվություն է նկատվում, որի թիրախը հիմնականում 0-10 տարեկան երեխաներն են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Նա նշեց, որ ակտիվությունն ակնհայտ է հատկապես հունիս ամսվանից սկսած, և զգալի աճ է նկատվում անցած տարվա մայիս, հունիս ամիսների համեմատ: «Հունիս ամսին նկատվում է  նաև դիզենտերիայի ակտիվացում, որն ավելի շատ բնորոշ է սննդային գործոնին»,-ասաց նա:

Թորոսյանի խոսքով` հանրապետությունում որևէ տեղ հիվանդությունների կենտրոնացված դեպքեր չկան: «Եթե հիվանդությունը պայմանավորված լիներ ջրային գործոնով, ապա կարճ ժամանակահատվածում մենք կունենայինք հարյուրավոր դեպքեր: Հիվանդության դեպքերը սփռված են հատկապես Երևանի տարածքով մեկ»,-ասաց նա:

Անդրադառնալով էնտերովիրուսներին՝ Թորոսյանն ասաց, որ բոլոր հիվանդանոցներում ակտիվ նմուշառումներ են կատարվում էնտերովիրուսների մասով և հայտնաբերվում են եզակի դեպքեր: «Հիմք ընդունելով, որ աղիքային վարակների շրջանում ենք գտնվում, կարող են լինել դեպքեր: Էնտերովիրուսները պատճառ դարձան Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում  գրանցված հինգ ամսական երեխայի մահվան դեպքի: Էնտերովիրուսները բազմաձև են և կարող են թեթև ձևերից բարդանալ կայծակնային արագությամբ»,-հավելեց բանախոսը:

Լիանա Թորոսյանը հորդորում է ժամը 12-ից հետո տնից դուրս չգալ, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթները վնաս են հասցնում մաշկին,  քրտնարտադրության միջոցով էլ կորցնում ենք հեղուկ, հանքային աղեր: «Տնից դուրս գալիս անպայման ունեցեք գլխարկներ, հեղուկ: Տաք եղանակին զովացնում են նաև թանն ու ոչ շատ տաք և  քաղցր թեյերը»,-ասաց նա:

Բնության գրկում հանգստանալ նախընտրողներին էլ ԱՆ մասնագետը խորհուրդ տվեց խուսափել կրեմային հրուշակեղենից, ձվից, ձկից: «Օգտագործեք հիմնականում միրգ և բանջարեղեն: Մնացած սննդամթերքն էլ պահեք սառնարան- պայուսակներում և ամեն տեսակ միջատներից հեռու»,-նշեց նա:

 

*

*