Աղիքային վարակների աճ կա, ինքնաբուժմամբ չզբաղվել. ԱՆ

Անցյալ տարվա հունիսին արձանագրվել է աղիքային վարակների 988 դեպք` այս հունիսի 1107 դեպքի դիմաց:
lvacvel-jur,-dzerqer

ՀՀ առողջապահության նախարարության համաճարակաբանական վերլուծության արդյունքները վկայում են, որ Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աղիքային վարակներով հիվանդացությունն ունի աճի միտում: Մասնավորապես, անցյալ տարվա հունիսին արձանագրվել է աղիքային վարակների 988 դեպք` այս հունիսի 1107 դեպքի դիմաց: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվում են տարբեր մանրէներ (օրինակ՝ շիգելա, սալմոնելա, էշերիխիաներ և այլն), վիրուսներ (օրինակ՝ էնտերովիրուսներ, նորովիրուսներ, ռոտավիրուսներ և այլն):

Աղիքային վարակներով հիվանդացության ակտիվացումը բնորոշ է ամառային ամիսներին` պայմանավորված մարդու օրգանիզմի վրա օդի բարձր ջերմաստիճանի և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությամբ:

Վարակիչ հիվանդությունների, մասնավորապես՝ աղիքային վարակների տարածմանը նպաստում են նաև արտաքին միջավայրում պահպանման համար նպաստավոր կլիմայական պայմանները, ինչպես նաև արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող  սննդամթերքի (միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, մանկական սնունդ, չփաթեթավորված սննդամթերք, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ, գրիլ, արագ փչացող սննդատեսակներով սենդվիչներ, ձկնեղեն  և այլն) բացօթյա պայմաններում և այդ նպատակի համար չնախատեսված վայրերում վաճառքի իրականացմամբ: Այս խումբ հիվանդությունների աճը կարող է պայմանավորված լինել ինչպես ջրային, այնպես էլ սննդային գործոնով: Հարուցիչներն ինտենսիվ են բազմանում նաև դեկորատիվ ջրավազաններում, գետերի, լճակների աղտոտված հատվածների ջրերում:

Առողջապահության նախարարությունը քաղաքացիներին հորդորում է` եթե նկատում եք ինքնազգացողության վատթարացում կամ ձեզ մոտ ի հայտ են եկել աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններ, ինչպիսիք են լուծը, սրտխառնոցը և փսխումը, ջերմության բարձրացումը, մի զբաղվեք ինքնաբուժմամբ, դիմեք մասնագետի, քանի որ սխալ և ոչ լիարժեք բուժումը կարող է հանգեցնել բարդությունների և հիվանդության քրոնիկ ձևերի առաջացման, որոնք շատ ավելի դժվար են բուժվում:

Առանց բժշկի նշանակման հակաբիոտիկներ մի ընդունեք, քանի որ դրանք հաճախ այդքան էլ արդյունավետ չեն, իսկ վիրուսային ծագման աղիքային վարակների դեպքում՝ անարդյունավետ, անգամ՝ վնասակար:

 

*

*