«Ես երբեք չեմ ասել, որ քաղցկեղի բուժումն անվճար է»․ Արսեն Թորոսյան

Նաիրա Զոհրաբյանը քաղցկեղի հետ կապված հարց է ուղղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին
arsen-torosyan

Այսօր Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովում Նաիրա Զոհրաբյանը քաղցկեղի հետ կապված հարց է ուղղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, նկատելով, որ կան մտավախություններ, թե Հայաստանում քաղցկեղը հնարավոր չէ անվճար բուժել, հետևաբար նախարարի նախկինում հնչեցրած հայտարարությունները պոպուլիզմ են։

«Ես խոսել եմ բազմաթիվ մասնագետների, բուժհաստատությունների ղեկավարների հետ, ովքեր ասում են՝ դա հնարավոր չէ։ Եթե քաղցկեղի որակյալ բուժում, ապա դա շատ թանկ ու որակյալ ծառայություն է, իսկ պետական բյուջեն իր վրա նման ծանրություն չի կարող թույլ տալ», — հավելեց Զոհրաբյանը։

Ի պատասխան, նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ իր հայտարարությունները ներկայացվել են խեղաթյուրված. «Խոսքերը պետք է ներկայացնել այնպես, ինչպես դրանք ասվել են և պետք չէ դրանք փոխել, երբեմն էլ՝ նենգափոխել։ Ես երբեք չեմ ասել, որ քաղցկեղի բուժումն անվճար է, մենք ասել ենք՝ քաղցկեղի վիրահատությունների համավճարի վերացում»։

Քաղցկեղ ախտորոշման դեպքում քաղաքացին մշտապես վճարել է բուժման՝ քիմիաթերապիայի, ճառագայթման և վիրահատության գնի 80 տոկոսը, իսկ պետությունը՝ 20 տոկոսը, սակայն այժմ համավճարի մասը՝ այսինքն՝ այն մասը, որը վճարում էր քաղաքացին, պետությունը վերցրել է իր վրա, նկատել է նախարարը։

*

*