Բժիշկների վերադասավորման անհրաժեշտություն կա. Լևոն Ալթունյան

«Եթե բժիշկն իր մասնագիտությամբ չի ուզում աշխատել մարզում, ապա կառաջարկվի ոլորտի այլ մասնագիտացում անցնել»:
levon-altunyan

Հայաստանի կառավարությունը ոչ թե բժիշկների թվի կրճատման, այլ վերադասավորումներ իրականացնելու խնդիր է դնում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

«Այսօր Հայաստանում կա 600-700 բժշկի թափուր աշխատատեղ: Դրան զուգահեռ կան բժիշկներ, որոնք լրիվ ծանրաբեռնվածությամբ չեն աշխատում: Պետք է վերադասավորումներ լինեն, այնպիսի պայմաններ ապահովվեն, որ յուրաքանչյուր աշխատող միավորի մասով 70-80 տոկոս ծանրաբեռնվածություն լինի»,- ասաց նախարարը:

Նախարարը մանրամասնեց, որ վերադասավորումը հետևյալն է ենթադրում՝ եթե մի հիմնարկում 60 բժիշկ կա, բայց պետք է 48, այն 12 բժիշկին առաջարկվում է վերապատրաստվել եւ համալրել թափուր աշխատատեղերը Երևանում և մարզերում: «Եթե մարդուն առաջարկում ենք իր մասնագիտությամբ աշխատանք մարզում, բայց նա չի ուզում փոխել իր աշխատավայրը, իրեն կառաջարկվի ոլորտի այլ մասնագիտացում անցնել և աշխատանքի անցնել այդ մասնագիտությամբ»,- պարզաբանեց Ալթունյանը:

*

*