Հայաստանում առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային՝ կենդանի դոնորից

Դոնորի և ռեցիպիենտի վիճակը այս պահին բավարար է և համապատասխանում է հետվիրահատական նորմալ ընթացքին. Թորոսյան
lyardi-poxpatrastum,

«Արաբկիր» բժշկական համալիրում այսօր տեղի է ունեցել «Լյարդի փոխպատվաստման կազմակերպում» թեմայով հայ-բելառուսական սիմպոզիումը, որին մասնակցել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա ԲաբլոյանըՄինսկի «Վիրաբուժության, տրանսպլանտոլոգիայի և հեմատոլոգիայի գիտապրակտիկ կենտրոնի» տնօրեն Օլեգ Ռումմոն 

«Այսօր շատ կարևոր օր է մեզ համար, քանի որ կարող ենք փաստել, որ հոկտեմբերի 22-ին առաջին անգամ Հայաստանում կատարվել է երեխայի լյարդի փոխպատվաստում: Սա մեր երկու երկրի` Հայաստանի և Բելառուսի, բարեհաջող և բեղմնավոր համագործակցության ապացույցն է»,- ասել է Լենա Նանուշյանը սիմպոզիումի բացման խոսքում: 

Հայ-բելառուսական սիմպոզիումի ժամանակ մասնագետները քննարկել են օրգանների փոխպատվաստման կազմակերպման հարցերը, մեծահասակների և երեխաների լյարդի փոխպատվաստման խնդիրները, նախա և հետվիրահատական վարման մոտեցումները:   

Նշենք, որ Բելառուսի գործընկերների հետ փոխպատվաստումային բժշկության շուրջ համագործակցության մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս հունվարին` Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Բելառուսի առողջապահության նախարար Վալերի Մալաշկոյի՝ Մինսկում կայացած պաշտոնական հանդիպման ժամանակ:

Եվ երեկ Հայաստանում առաջին անգամ իրականացվել է կենդանի դոնորի լյարդի ձախ բլթի փոխպատվաստում` երեխային: Հայ-բելառուսական համագործակցության ծրագրի շրջանակներում մինչ օրս բելառուսական մասնագետների կողմից իրականացվել է 5 պացիենտի լյարդի փոխպատվաստում Մինսկում ու 11 հայ մասնագետի վերապատրաստում՝ կրկին Մինսկում: 

Նման բարդ վիրահատությունների կատարումը խոսում է Հայաստանի բժշկության և բժշկագիտության զարգացման մասին: 

Դոնորի և ռեցիպիենտի վիճակը այս պահին բավարար է և համապատասխանում է հետվիրահատական նորմալ ընթացքին:  

*

*