Պերուի նախագահն ու կառավարության նոր կազմն առաջին նիստն ավարտել են մարմնամարզությամբ

Կուչինսկին խոստացել է նախարարների համար մարզական պարապմունքները դարձնել շաբաթական:

Պերուի նախարարների նորացված կաբինետի առաջին նիստն ավարտվել է պետության ղեկավարի նստավայրի բակում անցկացված մարզանքով: Երկրի նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին խոստացել է նախարարների համար մարզական պարապմունքները դարձնել շաբաթական: Օգոստոսի 5-ին այս մասին հայտնել է The Guardian -ը:

Կուչինսկին նոր կառավարության առաջին նիստն անցկացրել է նախօրյակին: Խորհրդակցությունից հետո նա եւ 19 նախարարներից 11-ը դուրս են եկել նստավայրի բակ եւ շուրջ կես ժամ վարժություններ կատարել, ինչն առաջացրել է ցանկապատի մյուս կողմում հավաքված հանդիսականների հիացմունքը:

Հետագայում պետության 77-ամյա ղեկավարը, որը նախընտրական արշավի ընթացքում ստիպված է եղել բազմիցս պատասխանել տարիքի եւ առողջական վիճակի վերաբերյալ հարցերին, խոստացել է նման մարզանքներ անցկացնել յուրաքանչյուր չորեքշաբթի: Նրա խոսքով՝ երկրում, որտեղ բնակչության կեսից ավելին ավելորդ քաշ ունի, շատ կարեւոր է առողջ ապրելակերպ քարոզելը:

«Մենք ցանկանում ենք «Առողջ մարմնում առողջ հոգի» կարգախոսի քարոզն անել: Սա ոչ միայն իմ ու նախարարների համար է, այլև` լրագրողների, ովքեր ևս կհրավիրվեն մասնակցելու հաջորդ մարզմանը»,-ասել է Կուչինսկին:

 

*

*