Փարիզում գործարկվել են անվարորդ առաջին երկու ավտոբուսները

Փոխքաղաքագլուխը լրագրողներին հայտարարել է, որ այս փոխադրամիջոցները շուտով հեղափոխություն կկատարեն քաղաքային տրանսպորտում։
paris-avtobus

Փարիզի իշխանությունները քաղաքում գործարկել են երկու անվարորդ փոքր ավտոբուսներ՝ էլեկտրական շարժիչներով: Առայժմ այս նախագիծը համարվում է փորձարարական, բայց դրա հաջողության դեպքում քաղաքի իշխանությունները պատրաստ են հետագայում էլ զարգացնել այդ փոխադրամիջոցը:

Երկու ավտոբուսներն էլ երթեւեկում են Փարիզի 13-րդ օկրուգում՝ Լիոնի կայարանի եւ Աուստեռլիցի կայարանի միջեւ: Դրանք շարժվում են բացառապես առանձնացված գծով, որով այլ փոխադրամիջոց չի երթեւեկում:

Ավտոբուսներից յուրաքանչյուրը հիշեցնում է ոչ մեծ սնդուկ անիվների վրա եւ տեղավորում է 12 մարդ: Այն հանդերձված է լազերային հեռաչափերով եւ ամբողջ պարագծով տեղակայված բազմաթիվ խցիկներով՝ մարդկանց եւ ավտոմեքենաների հետ բախումները կանխելու համար:

Ավտոբուսները ոչ միայն վարորդ, այլեւ վառ արտահայտված առջեւի եւ հետեւի մաս չունեն: Ժամանելով նշանակման վայր՝ այն կարող է, առանց շրջադարձման, միանգամից շարժվել հետ՝ ֆունիկուլյորի վագոնի նման:

Փարիզի փոխքաղաքագլուխ Ժան Լուի Միսիկան լրագրողներին հայտարարել է, որ անվարորդ փոխադրամիջոցները շուտով հեղափոխություն կկատարեն քաղաքային տրանսպորտի աշխարհում եւ լիովին կփոխեն մարդկանց կյանքը մեծ քաղաքներում:

Հեռանկարում քաղաքային իշխանությունները հուսով են նման ավտոբուսներով փոխարինել արվարձանային գնացքները, որոնք Փարիզի մերձակա ոչ մեծ քաղաքները միացնում են մեգապոլիսի հետ: Փորձի արդյունքները կամփոփեն երեք ամիս հետո:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները