Երկրներ, որոնք Նոր տարին չեն նշում հունվարի 1-ին

Տոները շատ են, սովորույթները տարբեր...
chinastan

Հունվարի 1-ին ոչ բոլոր երկրներում են նշում Ամանորը, շատ երկրներում էլ այս տոնն անցնում է գրեթե աննկատ:

Իսրայելում հունվարի 1-ը սովորական աշխատանքային օր է, եթե, իհարկե, Նոր տարվա առաջին օրը շաբաթ չէ, որը սուրբ օր է հրեաների համար: Իսրայելցիներն իրենց Նոր տարին նշում են աշնանը` հրեական օրացույցով Թիշրեի ամսվա նորալուսնի օրը (սեպտեմբերին կամ հոկտեմբերին): Տոնը կոչվում է Ռոշ հա-Շանա և նշվում է 2 օր:

Հունվարի 1-ը տոն չէ նաև Իրանում: Երկիրն ապրում է սեփական օրացույցով: Իրանի օրացույցը կամ Արեգակնային հիջրան աստղագիտական արևային օրացույց է, որը մշակվել է Օմար Խայամի մասնակցությամբ և այդ ժամանակից ի վեր մի քանի անգամ ճշգրտվել է: Իրանում Նոր տարին ըստ օրացույցի նշվում է գարնան առաջին օրը, ինչը համապատասխանում է մարտի 22-ին: Նոր տարին այնտեղ կոչվում է Նովրուզ:

Ի դեպ, Նովրուզը նշվում է ոչ միայն Իրանում, այլև Աֆղանստանում: Չնայած Տաջիկստանում, Ուզբեկստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Ադրբեջանում, Թուրքիայում և Ալբանիայում նշում են հունվարի մեկը, սակայն բավականին մեծ շուքով նշում են նաև Նովրուզը:

Սաուդյան Արաբիայում կրոնական ոստիկանությունը նախազգուշացրել է թագավորության հպատակներին և այնտեղ ապրող օտարերկրացիներին Նոր տարվա տոնակատարությունների արգելման մասին, քանի որ մուսուլմանները հետևում են լուսնային օրացույցին: Արգելվում է խանութներում վաճառել այս տոնի հետ կապված որևէ ատրիբուտ:

Չինաստանում Նոր տարին անցնում է բավականին աննկատ: Միայն մեծ խանութներում և առևտրի կենտրոններում հետևելով արևմտյան ավանդույթներին՝ դրվում են փայլուն արհեստական տոնածառեր, Սանտա Կլաուսներ, իսկ չինացիներն իրենց արևմտյան բարեկամներին ուղարկում են Ամանորյա էլեկտրոնային բացիկներ: Եվ դա արվում է Սուրբ Ծննդյան օրը և ոչ թե Ամանորին:

1949 թվականին նորաստեղծ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը որոշել է լուսնային օրացույցի առաջին օրն անվանել «Գարնան տոն» (Chun Jie) և հունվարի 1-ն ըստ արևմտյան օրացույցի՝ «Յուան-դան»: Այդ ժամանակից սկսած հունվարի 1-ը դարձել է պաշտոնական պետական տոն Չինաստանում: Բայց նույնիսկ այսօր չինացիներն այն չեն տոնում իբրև տարեմուտ` «արևմտյան» Նոր տարին չհամարելով գարնան տոնի մրցակից:

Նոր տարին`«Յուան-դանը», Չինաստանում մինչ 20-րդ դարը հաշվվում էր ըստ լուսնային օրացույցի և նշվում էր առաջին լուսնային ամսվա առաջին օրը:

Հնդկաստանում էլ Ամանորը «տոներ ըստ ընտրության» շարքին է դասվում: Այսինքն՝  այդ օրերին բոլոր հաստատություններում և գրասենյակներում աշխատում են, բայց աշխատակիցները կարող են ազատ օր վերցնել:

Հնդկաստանում կան նաև Ամանորի մի քանի այլ տարբերակներ: Մարտի 22-ին Նոր տարին նշվում է ըստ հնդկական միասնական ազգային օրացույցի: Հնդկաստանի տարբեր նահանգներում Նոր տարին ունի տարբեր անվանումներ և նշվում է տարբեր օրերի:

Տոները շատ են, սովորույթները տարբեր… Չնայած մի շարք երկրներում Ամանորն անցնում է աննկատ՝ պետք է խոստովանել, որ մեզ՝ հայերիս համար այն ամենասիրելի և մեծ շուքով նշվող տոներից է և ուրախալի է այն փաստը, որ վերոնշյալ ցուցակում Հայաստանը չկա:

 

*

*