Խորհրդային տարիների տեխնոլոգիական «նոու-հաուները»

Սրանցից շատերը կարող էին արմատապես փոխել առօրյա կյանքը
new-hao

Սովետական ժամանակաշրջանի դիզայներները այնպիսի նախագծեր են կյանքի կոչել, որոնք կարող էին մրցակցել արևմտյան ամենաառաջադեմ նորամուծությունների հետ: «ՌԻԱ Նովոստի»-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը, որոնք, հնարավոր է, արմատապես փոխեին շատերի առօրյա կյանքը:

Հրշեջ մեքենա «ԶԻԼ-Սիդ», 1975թ.

Հարմարավետ և ժամանակակից այս մեքենան սովետաֆրանսիական համատեղ նախագիծ է: Երկու փորձարարական ցիստեռների համադրությամբ մեքենան արտադրվել է Ֆրանսիայի Սեն-Նազեր քաղաքում: Առաջին մեքենաները բազմաթիվ ցուցահանդեսների են մասնակցել և անգամ օգտագործվել տարբեր սպորտային օբյեկտներում, 1980թ-ի Մոսկվայի Օլիմպիական խաղերի ժամանակ: Այդուհանդերձ, այս նախագիծը բավականին թանկ էր և այդպես էլ զանգվածային արտադրության չդրվեց:

Արագընթաց տրամվայ «Ուրալ-6», 1976

Այսպիսի տրամվայը կարող է մինչև 80 կմ/ժ արագություն զարգացնել և շուրջ 200 ուղևոր տեղափոխել քաղաքային, արվարձանային ու միջքաղաքային երթուղիներով: Տրամվայի ներսում երկու հատված է առանձնացված՝ հեռու և մոտիկ վայրեր ուղևորվողների համար: Պատուհանների բացվածքները լայնացված են, իսկ հակահրդեհային ու օդափոխման համակարգերը թույլ են տալիս վագոնը շահագործել ծովի մակարդակից մինչև 1200 մետր բարձրության վրա և -40-ից մինչև +40 ջերմաստիճանի պայմաններում: Բայց և այնպես, «Ուրալ-6»-ը այդպես էլ արտադրության չդրվեց:

«Հեռանկարային տաքսի», 1964թ.

Որպես տաքսի շահագործման համար նախատեսված այս ավտոմեքենան հուսալի է, կոմպակտ և ընդարձակ: Բեռնախցիկը ուղևորների սրահում է տեղակայված, իսկ դուռը էլեկտրական կառավարմամբ է, ինչը վարորդին թույլ է տալիս առանց մեքենայից դուրս գալու բացել և փակել այն: Մեքենայի առավելություններից է նաև մեքենան կայանելու համար քիչ տարածության անհրաժեշտ լինելը: Այս մոդելը արտադրվել է ընդամենը երկու օրինակով, որոնցից մեկը մոտ մեկ ամսի սպասարկել է Մոսկվայի բնակիչներին: Մեքենան զանգվածային արտադրության չի դրվել:

Ձնագնաց, 1980թ

1970-ականների վերջին  Տեխնիկական էսթետիկայի համամիութենական գիտական-հետազոտական ինստիտուտի դիզայներները աշխարհում առաջիններից էին, ովքեր փակ սրահով ձնագնաց ստեղծեցին: Նման կոնստրուկտիվ լուծումը կտրուկ բարձրացնում էր հարմարավետությունն ու տեղաշարժման արագությունը, ինչպես նաև լուծում էր ձայնամեկուսացման խնդիրը: Սակայն նախագիծը իրականացման ճանապարհին դադարեցվեց:

«ՍՖԻՆՔՍ», 1986

30 տարի առաջ սա մի համակարգ էր՝ նախատեսված բնակարանի կամ առանձնատան կենցաղի ողջ գործողությունների մասին ինֆորմացիա ստանալու և դրանք հեռահար կերպով կառավարելու համար: Ինֆորմացիան պետք է փոխանցվեր ռադիոազդանշանի և հեռախոսային ցանցի օգնությամբ: Նմանատիպ էլեկտրոնային համակարգերով տները հագեցնել նախատեսվում էր 2000թ-ին: Նախագիծը, որը արտաքուստ Apple-ի արտադրանքներն է հիշեցնում, այդպես էլ հեռուն չգնաց:

Մետրո «Արծաթյա թել», 1987թ.

Մետրոյի այս նախագծի հեղինակները վագոնների 4 տեսակ էին առաջարկում: Նրանց կարծիքով՝ բազմազանությունը կբարձրացնի հարմարավետությունը: Նախատեսվում էին բեռնախցիկներով հագեցված վագոններ, ինչպես նաև նախագծվել էին կանգնելու համար նախատեսված և երկկողմանի միաժամանակ բացվող հատուկ վագոններ:

 

 

*

*