Մամուլյանը խորհուրդ է տալիս՝ չխառնե′լ — Երկիր Մեդիա

Մամուլյանը խորհուրդ է տալիս՝ չխառնե′լ

Ամանորի սեղանին նախընտրելի է հնդկահավ կամ սագ դնել, որը մինչև երեկո կսպառվի։
hndkahav

Ամանորի սեղանին նախընտրելի է հնդկահավ կամ սագ դնել, որը մինչև երեկո կսպառվի։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ ղեկավար Սեդրակ Մամուլյանը։

«Ես խորհուրդ եմ տալիս խուսափել հատկապես մեծ կտորով տարբեր կենդանիների մսերն ամբողջական դնելուց, քանի որ մարդկանց մոտ 80 տոկոսը չգիտի դրանց պահպանման և իրացման ճիշտ ձևերը։ Համապատասխան պահպանման ժամկետներ կիսաֆաբրիկատները նույնպես ունեն։ Աղացած միսն ընդհանրապես պահպանման ենթակա չէ։ Կիսաֆաբրիկատները պետք է համապատասխան պայմաններում պահել, ջերմային մշակման ենթարկել ու դնել սեղանին»,- նշեց Մամուլյանը։

Նա ընդգծեց, որ բոլոր տոները, լինեն դրանք ժողովրդական, թե եկեղեցական, պահանջում են սննդակարգի համակարգ։

«Մենք այն քիչ ժողովուրդներից ենք, որ պահպանել ենք տոնածիսական կերակրատեսակները։ Դրանք այն կերակուրներն են, որոնք ինչ-որ իմաստ են կրում իրենց մեջ։ Ամանորը բացառություն չէ, և կան հատուկ ծիսական կերակրատեսակներ, որոնք պետք է հենց այդ ժամանակ դրվեն սեղանին։ Նախկինում սեղաններին շատ է դրվել և այժմ էլ կարելի է դնել չրեր, անուշապուր (չրերով պատրաստված կերակուր), կճախաշ (կճուճում տարբեր ընդեղեններ են լինում)։ Ամենահիմնական ուտելիքը տարեհացն է, որի խմորը մի փոքր քաղցր է, և դրանում թաքցվում է մետաղադրամ, և ում բաժին հասնի այդ հատիկը՝ նրան հաջողություն է սպասվում»,- նշեց Մամուլյանը։

«Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ ղեկավարն աղանդերի մասին ընդգծեց, որ մի շատ հետաքրքիր ուտեստ կա, որի արմատները գալիս են Անիից։ Այս աղանդերը կոչվում է «Անիի քաղցրավենիք» և բաղադրության մեջ մտնում է բոված գետնանուշ, մեղր և բողկ։

«Բողկը մաքրում ենք, թավայի մեջ բովում ենք առանց ձեթի ու կարագի և մի փոքր մեղր ենք ավելացնում։ Կարամելիզացնելուց հետո բոված գետնանուշ ենք ավելացնում և դրան էլ մի փոքր մեղր ենք ավելացնում, որպեսզի սա էլ կարամելացվի, ու մատուցում ենք։ Ամանորին տոլմա, հավի ազդր շատ ուտելուց հետո, որպես դեսերտ օգտագործել սա և ոչ կրեմային ինչ-որ աղանդեր»,- շեշտեց Սեդրակ Մամուլյանը։

Նրա կարծիքով, շատ լավ քաղցրավենիքներ են նաև լցոնած խնձորը, սերկևիլը։  Եզրափակելով խոսքը՝ նա խորհուրդ տվեց տարբեր ուտելիքներ իրար չխառնել և չծանրաբեռնել աղեստամոքսային տրակտը։

*

*