Մաշկաբանի եւ սրտաբանի խորհուրդներն՝ ամռան վնասակար հետեւանքներից խուսափելու համար

Ամռանն օրգանիզմում, այդ թվում՝ նաև մաշկի մեջ նվազում է ջրի քանակությունը, ուստի մաշկն առանձնակի խնամքի կարիք ունի:
mashk

Ամռանը մաշկի վրա արևի ուղիղ ճառագայթների թողած վնասակար ազդեցությունների և սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրների մասին էին այսօր խոսում մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանը և սրտաբան Գոհար Մարտիրոսյանը:

Ամռանն օրգանիզմում, այդ թվում՝ նաև մաշկի մեջ նվազում է ջրի քանակությունը, ուստի մաշկն առանձնակի խնամքի կարիք ունի: Մաշկաբանը խորհուրդ է տալիս օգտագործել սնուցող, խոնավեցնող և արևապաշտպան քսուկներ: Մարդկանց մեծամասնությունը արևապաշտպան քսուկներ օգտագործում է միայն ծովափնյա հանգստի ժամանակ, մինչդեռ, ըստ մաշկաբանի, դրանք պետք է օգտագործել նաև առօրյայում:

Արևապաշտպան քսուքներ ընտրելիս՝ պետք է առաջնորդվել spf գործոնով, որը հիմնականում տատանվում է 20-50 սահմաններում:

«Ոմանց թվում է, որ spf ամենաբարձր գործոն ունեցող քսուկները միանշանակ կարելի է օգտագործել, սակայն, եթե դուք գնում եք աշխատանքի առավոտյան ժամը 8-ին և վերադառնում՝ 6-ին, ապա spf 20-ը կամ 30-ը ևս լիակատար պաշտպանություն են ապահովում»,- ասաց մաշկաբանը:

Մասնագետը խորհուրդ չի տալիս նախքան արևապաշտպան քսուկն օգտագործելը խոնավեցնող քսուկը, քանի որ այն արդեն իսկ ունի խոնավեցնող հատկություն: Իսկ կանանց և աղջիկներին մաշկաբանը հիշեցնում է՝ հատկապես ամռան ամիսներին պետք է խուսափել շպարվելուց, քանի որ շպարի հաստ շերտը թեև ունի արևապաշտպան հատկություն, սակայն լրջորեն վնասում է մաշկը:

Ամռանը քրտնարտադրության հետևանքով մեծ քանակությամբ հեղուկ կորցնելը հանգեցնում է նաև արյան խտության բարձրացմանը: Սրտաբան Գոհար Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս սննդակարգից բացառել յուղոտ ուտեստները՝ նախապատվությունը տալով կալցիում և մագնեզիում պարունակող մրգերին: Բոլոր նրանք, ովքեր ընդունում են սրտի դեղահաբեր, մասնագետը հորդորում է երբևէ ինքնուրուն որևէ դեղաչափի փոփոխություն չանել. դա հարկավոր է անել միայն բժշկի ցուցումով: Իսկ միակ բանը, որն ամռանն, անկախ առողջական վիճակից, պետք է անեն բոլորը, մեծ քանակությամբ հեղուկներ օգտագործելն է:

*

*