ABBA-ն վերամիավորվում է նոր թվային նախագծի շուրջ

Հունիսին ABBA-ի չորս մասնակիցները Ստոկհոլմում իրենց երգերը կատարել են ստեղծագործական գործունեության 50-ամյակի առիթով երեկույթում:
abba

Հանրաճանաչ ABBA շվեդական փոփ-խմբի մասնակիցները հոկտեմբերի 26-ին հայտարարել են հաջորդ տարի վերամիավորվելու մասին՝ նոր թվային նախագիծ իրականացնելու նպատակով: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

Ագնետա Ֆելտսկոգը, Բյոռն Ուլվեուսը, Բեննի Անդերսոնը եւ Աննի-Ֆրիդ Լինգստադը տեղեկացրել են, որ իրենց համատեղ աշխատանքի նպատակը դառնալու է շոու-բիզնեսի բնագավառում ինքնատիպ նախագծի իրականացումը, որը «նոր սերնդի երկրպագուներին թույլ կտա ABBA խումբը տեսնել, լսել եւ զգալ այնպիսին, ինչպիսին նրանք երբեք այն չեն պատկերացրել»: Երաժիշտները ոչ մի մանրամասնություն չեն ներկայացրել:

Այս տարվա հունիսին ABBA-ի չորս մասնակիցները միասին Ստոկհոլմի «Բյոռնս» ակումբում իրենց երգերը կատարել են համատեղ ստեղծագործական գործունեության 50-ամյակի պատվին կազմակերպված երեկույթում:

Շվեդական ABBA քառյակը՝ առավել մեծ ժողովրդականություն վայելող կոլեկտիվներից մեկը երաժշտության պատմության մեջ, ստեղծվել է 1972 թվականին: Իր գոյության տասը տարվա ընթացքում քառյակը թողարկել է ութ ալբոմ, իսկ նրա երգերի բազմաթիվ ժողովածուներ թողարկվում են մինչեւ օրս:

Ամեն տարի իրենց գնորդներին են գտնում խմբի մինչեւ 3 մլն սկավառակներ: Mamma Mia! («Մամա միա») մյուզիքլը, որի հիմքում ընկած են ABBA-ի երգերը, արդեն շուրջ 60 մլն մարդ է դիտել աշխարհի հարյուրավոր թատրոններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

*

*