Երասխավան գյուղի մոտակայքում զինվորներ տեղափոխող ավտոբուս է այրվել

«Վարորդը կանգնեցրել է մեքենան, մարդիկ իջել են, որեւիցե վնաս չի եղել»
avtobus-zinvor

armtimes.com— Արարատի մարզի Երասխավան եւ Պարույր Սեւակ գյուղերի մոտակայքում զինվորներին տեղափոխող ավտոբուսի այրվելու հետեւանքով որեւէ զինվոր չի տուժել: Այդ մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Պարույր Սեւակ գյուղի գյուղապետ Էդուարդ Ստեփանյանը:

«Ես գյուղում չեմ եղել, ինձ ասացին, որ մեր գյուղից 5-6 կիլոմետր ներքեւ է դեպքը տեղի ունեցել: Ավտոբուսը երեւի ինչ-որ մի դեֆեկտ ունեցել է, ընթացքի ժամանակ հրդեհ է սկսվել: Վարորդը կանգնեցրել է մեքենան, մարդիկ իջել են, որեւիցե վնաս չի եղել, զինվորներին ոչինչ չի պատահել»,- տեղեկացրեց համայնքապետը:

Հարցին, թե դեպքից հետո որտեղ են տեղավորվել զինվորները՝ Ստեփանյանը պատասխանեց, որ «ուրիշ ավտոբուս են ուղարկել, զինվորներին տարել են»:

«Հրշեջ մեքենա են կանչել, եկել է, այրվող ավտոբուսը փորձել են հանգցնել, բայց դե մինչեւ գալն ահագին վառվել է: Մեքենան արդեն տարել են, փառք աստծո ոչ մեկին ոչինչ չի եղել»,- նկատեց Պարույր Սեւակի համայնքապետը՝ նշելով, որ 6 ամսվա ծառայած զինվորները վերադառնալիս են եղել ուսումնավարժական պարապմունքներից:

Արարատի մարզի Երասխ գյուղի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը եւս մեզ հետ զրույցում ասաց, որ իր տեղեկություններով ավտոբուսի հրդեհի հետեւանքով «ոչ մի մարդու բան չի եղել»: Ընդգծեց, որ տեղում աշխատել են ոստիկանության Վայքի բաժնի աշխատակիցներն ու հրշեջ-փրկարարները:

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնից armtimes.com-ին հայնեցին՝ այսօր ժամը 15:57-ին ահազանգ են ստացել, որ Արարատի մարզի Երասխ գյուղի վերջնամասում այրվում է ավտոբուս: Այլ մանրամասներ ոստիկանությունից չհայտնեցին: Մեր տեղեկություններով դեպքի առթիվ Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում հետաքննություն է կատարվում:

ԱԻՆ-ը տեղեկոցնում է, որ այսօր ժամը 15.55-ին տեղեկություն են ստացել, որ Արարատի մարզի Երասխավան գյուղի մոտակայքում այրվում է ավտոբուս: «Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Երասխ ավտոճանապարհի 69-րդ կմ-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.24-ին, մարվել` 16.50-ին: Այրվել է «Mitsubishi Rosa» մակնիշի 23 OU 437 պետհամարանիշով ավտոբուսն՝ ամբողջությամբ (վարորդ՝ 1971 թ. ծնված Հ. Ս.)»:

*

*