Վթարի է ենթարկվել բալետի արտիստ Վահագն Մարգարյանը. վիճակը ծայրահեղ ծանր է

Ավտովթարը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
vahagn-margaryan

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բալետի արտիստ` 23-ամյա Վահագն Մարգարյանը վթարի է ենթարկվել: Նրան տեղափոխել են «Արմենիա» ԲԿ:

Հիվանդանոցից Yerkir.am-ը տեղեկացավ, որ Վահագնի վիճակը ծայրահեղ ծանր է, նա կոմայի մեջ է: «Բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար։ Նրան վիրահատել են, լուրջ վնասվածքներ ունի։ Վահագնը մի շարք կոտրվածքներ է ստացել, այդ թվում՝ լուրջ վնասվածք` գլխի շրջանում»,- հայտնեցին մեզ:

Ավտովթարը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին։ Մարգարյանը եղբոր, նրա կնոջ և 2 տարեկան երեխայի հետ տաքսու մեջ է եղել։ Նրանցից որևէ մեկի կյանքին վնաս չի սպառնում:

Վահագն Մարգարյանը 2013-ից աշխատում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Նա այս տարի մասնակցել էր հունիսի 18-22-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի ունեցած Բալթյան 4-րդ միջազգային բալետային մրցույթին՝ արժանանալով 2-րդ գլխավոր տեղին, քանի որ 1-ին տեղ ընդհանրապես չի եղել:

Մարգարյանը հանդես է եկել Ա. Խաչատրյանի «Գայանե» (Կարեն), «Սպարտակ» (Հովիվներ), Ժ. Բիզեի, Ռ. Շչեդրինի «Կարմեն» (Սպա), Պ. Չայկովսկու «Շչելկունչիկ» (Պադեդե), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Պադեդե) ներկայացումներում: 2015 թ. Չեչնիայում մասնակցել է Մահմուդ Էսամբաևի պարի միջազգային 7-րդ փառատոնին և արժանացել 2-րդ մրցանակին:

2016թ. էստոնիայում մասնակցել է Տալլինի միջազգային բալետային մրցույթին և զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:

*

*