Սողանքային գոտիներում կանխարգելիչ աշխատանքներ են տարվում

Տեղատարափ անձրեւները կրկին սողանքային գոտիներն են ակտիվացրել:
soghanqner

Տեղատարափ անձրեւները կրկին սողանքային գոտիներն են ակտիվացրել: Փրկարար ծառայության տարերային աղետների բաժնի պետը լրագրողներին հայտնել է, որ կանխարգելիչ աշխատանքներ են տարվում: Ռիսկային գոտին կրկին Լոռու մարզում է: Արթուր Մուրադյանը մատնանշել է Շահումյան գյուղը:

Անդրադառնալով Արթիկի հեղեղումներին` Արթուր Մուրադյանը նշեց, որ հեղեղատարը մաքուր է եղել: Պարզապես ջրառատ տարի է, դրանից բացի ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ Արագածի փեշերին կուտակված սառույցը հալել է ու կարկուտի հետ ջրի հոսքն իջել է դեպի սելավատար` իր հետ բերելով տիղմ, հող, քարեր: Հաշված րոպեների ընթացքում այդ ամբողջը լցվել է սելավատար:

Արթուր Մուրադյանը նաեւ նշել է, որ հարակից ձորակներում, նաեւ հեղեղատարի վրա կան ապօրինի կառույցներ, վարչապետը հանձնարարել է դրանք հեռացնել: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանի փոխանցմամբ, նախատեսվում է հեղեղատարների հետ կապված ամբողջ գործընթացը համակարգել:

«Մեր կողմից կանխարգելիչ աշխատանքներ են տարվում: Ռիսկային գոտի կա Լոռու մարզի Շահումյան գյուղում: Այնտեղ կա ամառանոցային թաղամաս, որը գտնվում է լանջերի վրա: Սողանքների հետեւանքով երկու ամառանոց փլուզվել է: Առաջարկել ենք այդ թաղամասում ժամանակավոր չբնակեցնել: Ռիսկային են համարվում նաեւ Գետահովիտը, Առափին: Այդ բնակավայրերում բնակիչների հետ աշխատանք է տարվում, տեղեկատվություն ենք տրամադրում համապատասխան վարքականոնների մասին»,- ընդգծել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տարերային աղետների բաժնի պետ Արթուր Մուրադյանը:

«Ջրային տնտեսության պետական կոմիտեն նախկինում այդ գործառույթը չի ունեցել, մարտից կա հանձնարարություն եւ մենք զբաղվում ենք: Առայժմ իրականացվել են հեղեղատարների մաքրման ու ափապաշտպան կառույցների շինարարական աշխատանքներ: Դրանք հիմնականում ավարտված են»,- նշեց ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը:

*

*