Փաստաբանները հարձակման են ենթարկվել

Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը հարձակման են ենթարկվել իրենց գրասենյակում։

Փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը հարձակման են ենթարկվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Աթանեսյանը։

«Քիչ առաջ հարձակման ենթարկվեցի իմ գրասենյակում Արմեն Սողոմոնյանի հետ միասին արալեզների կողմից: Սպասում եմ ոստիկանությանը: Հարձակվողներն են Սիմոն Բաբայանը, Վրեժ Խաչիկյանը, Գևորգ Մկրտչյանը և ոմն Արսեն», — գրել է նա։

«Երկիրն այսօրի» նկարահանող խումբին Աթանեսյանը հայտնել է, որ բախման պատճառն այն է, որ իրենք շարունակում են քննադատել Փաստաբանների պալատին՝ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ, իսկ նպատակը՝ լռեցնելն է։

Պալատից այս առնչությամբ մեզ մեկնաբանություններ չտվեցին՝ պատասխանելով, որ Փաստաբանների պալատի նախագահ Զոհրաբյանը հանդես է եկել հայտարարությամբ, իսկ Սիմոն Բաբայանը վաղն ասուլիս կտա։

Իսկ Զոհրաբյանի հայտարարության մեջ ասվում է. «ՀՀ փաստաբանների պալատը դատապարտում է ցանկացած բռնություն, ինչպես նաև վիրավորանք և զրպարտություն պարունակող հայտարարությունները և հրապարակումները, առավել ևս, երբ կողմերը փաստաբաններ են։

Անշուշտ ճշմարտությունը պետք է բացահայտվի, իսկ մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության։

Միևնույն ժամանակ հորդորում ենք զերծ մնալ զգացմունքային և չստուգված հայտարարություններից և միակողմանի տեղեկատվության հիման վրա կարծիք չձևավորել»։

Դեպքին արձագանքել է նաեւ ոստիկանությունն՝ օպերատիվ խումբ ուղարկելով դեպքի վայր։

*

*