2 դժբախտ պատահար՝ նույն շենքում. 4-ամսական երեխան ծնողների հետ թունավորվել է

Առանց խողովակի վառարանը ընտանիքի թունավորման պատճառ է դարձել.
Դարձյալ բնակարաններում բնական գազի սպառման, անվտանգ օգտագործման մասին: Առիթը նախօրեին Մուսալեռ բնակավայրում տեղի ունեցածն է: Որքան հասկացանք, այդ համայնքի մի ընտանիքի ողբերգությունը հենց նշած կանոնների չպահպանման, անուշադրության հետեւանքն է: Րոպեների ընթացքում 4-ամսական երեխան ու իր ծնողները շմոլ գազից թունավորվել են եղել: Դա նախնական վարկածն է: 
Այդ նույն շենքի մեկ այլ բնակարանում ժամերի տարբերությամբ երկրորդ պատահարն է տեղի ունեցել՝ հրդեհ:
 
«Մինչեւ բարձրացանք օգնության, հրշեջներն արդեն այստեղ էին, ծուխն այս մակարդակին էր, բարձրանալ չէր լինում, ապակիները կոտրեցին, ծուխը դուրս եկավ, նոր կարողացանք օգնություն տրամադրել: Հրդեհը մեկուսացնելուց հետո պարզ դարձավ, որ մահացած է»,- պատմում է Մուսալեռի գյուղապետ Էդգար Հովհաննիսյանը:
 
Մահացածը 46-ամյա մուսալեռցի Գագիկ Դավթյանն է: Շուրջ երկու տասնամյակ Հայաստանից դուրս է ապրել, վերադառնալուց հետո հարեւանները նկատել են, որ հոգեկան խնդիրներ ունի, եւ միշտ անհանգիստ են եղել՝ մի վնաս չպատճառի իրեն: Գագիկը մենակ է ապրել, եղբոր կինը շաբաթը մեկ այցելել է նրան՝ խնամելու համար:
 
«Պոլի վրա կրակ է արել, պաժառ է տվել, ինքն էլ մնացել է մեջը»,- նշեց նրա հարեւան Միքայել Մանուկյանը:
 
Ծուխը շենքի այլ բնակիչների առողջությանը վնաս չի պատճառել, սակայն հրդեհը հանգցնելու հետեւանքով էականորեն վնասվել է Միքայել Մանուկյանի բնակարանը:
 
«Պաժառնին որ հանգցրեց, ֆանտանով ջուր լցրին, սաղ թափվեց մեր տունը, երեկվանից մինչեւ հիմա ջուրը կաթում է, ահավոր վիճակ է, երկու սենյակ էինք նորոգել, սաղ փչացավ»,- պատմում է հարեւանը:
 
Տան տերը համոզված է՝ մինչեւ եղանակի տաքանալն իմաստ չունի վերանորոգել բնակարանը, պանելն ամբողջությամբ ջրով են ներծծված: Գյուղապետն էլ խոստանում է՝ իրենց հնարավորությունների շրջանակում աջակցելու են նրան բնակարանի վերանորոգման հարցում:
Մյուս դեպքն ավելի ողբերգական է՝ հարեւան մուտքի 10-րդ բնակարանում հունվարի 8-ի կեսօրին հայտնաբերվել են 27-ամյա Հրաչյա Բաղդասարյանի, 20-ամյա Աննա Միսակյանի եւ 4 ամսական Ասյա Բաղդասարյանի դիերը: Նրանց շենքի բնակիչները չեն ճանաչում, ասում են՝ մորն են հյուր եկել մի քանի օր առաջ: Վերջինս էլ մուսալեռցի չէ, պարզապես այդտեղ բնակարան է վարձակալել:
 
«Էս ընտանիքը հյուր է եկել, մենք իրանց չենք ճանաչում, եկել են Նոր տարի, Զատիկ, էդ դեպքը պատահել է: Մեկ-մեկ մուտքի մոտ տեսել ենք այդ կնոջը, բարեւել ենք, ինքը նոր է եկել, վարձով է բնակվել, քնում-հելնում, գնում էր գործի, ոչ ոքի չէր խանագարում, շատ պարկեշտ է»,- պատմում է հարեւանուհին՝ Սուսաննա Կիրակոսյանը:
Հիմա բնակարան մուտք գործելը արգելված է։ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ վաճառելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը: Գյուղապետի խոսքով, նախնական վարկածով մահվան պատճառը շմոլ գազից թունավորումն է։
 
«Ինչ-որ վառարան է տեղադրված եղել, երբ բնակիչները մուտք են գործել օգնելու համար, արձանագրել են, որ վառարանն առանց խողովակի է, ինչն ինքնին վտանգ է ներկայացնում եւ արտահոսքն այդտեղից էլ եղել է»,- պատմում է գյուղապետը:
 
Հենց մայրն էլ դիմել է փրկարարներին, քանի որ ներսից չեն պատասխանել իր զանգերին: Փրկարարներին էլ ասել է, որ որդուն եւ հարսին զգուշացրել է չօգտագործել վառարանը:

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*