Ծննդկան Մերի Մարգարյանի և երեխայի մահվան գործով նախաքննությունն ավարտվել է

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի եւս մեկ մանկաբարձ-գինեկոլոգի մեղադրանք է առաջադրվել։
mery-margaryan

Այսօր ավարտվեց ծննդկան Մերի Մարգարյանի եւ նրա դստեր մահվան դեպքի կապակցությամբ հարուցված գործով նախաքննությունը: Այս մասին yerkir.am-ին հայտնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը` նշելով, որ քննությունն ավարտվել է գործով մեղադրյալներ Շուշանիկ Բախշյանի և Անի Բաբելյանի մասով, իսկ մի քանի բժիշկների մասով գործի քննությունն առանձնացվել է, և նախաքննությունը շարունակվում է:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մերի Մարգարյանի հղիությունը 2015 թվականի փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել մանկաբարձ-գինեկոլոգ Շ. Բախշյանը:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ մասնագիտական պարտականությունների նկատմամբ դրսևորվել է անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք:

Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ Շ. Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն և նրան խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ 2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն` հերթական կոնսուլտացիայի, և, տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին, չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական և մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել են արագ ընթացող և հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որոնց պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաև՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետևանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի և գլխուղեղի այտուցից մահացել է նաև նրա նորածին դուստրը: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Շ. Բախշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել` Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ): Երկուսի նկատմամբ էլ, որպես խափանման միջոց, ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

*

*