Լուսադեմին հաջողվել է մեկուսացնել «Մալաթիա մոլում» բռնկված հրդեհը

Ժամը 08:30-ի դրությամբ դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 13 մարտական հաշվարկ

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ժամը 05:24-ին Երևան քաղաքի Սեբաստիայի 141/5 հասցեում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Ժամը 08:30-ի դրությամբ դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 13 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնից երկու «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա:

Հրդեհի հետևանքով 7 տուժածները տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ և «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Հրդեհաշիջման աշխատանքների մասին տեղեկությունը պարբերաբար զեկուցվում է ԱԻ նախարարին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել:

*

*