Նոր մանրամասներ՝ Լոռիում տեղի ունեցած քարաթափումից

Մահացածները մայր ու որդին են
lori,-qaratapum

Լոռու մարզում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետեւանքով մահացել են «Գազել» մակնիշի մեքենայի վարորդի կինն ու տղան (Կ.Գ., ծնված 1984 թ. ու Լ.Մ., ծնված 2007 թ.):

Վարորդը (Վ.Մ., ծնված 1984 թ.) ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Երեւան:

Ինչպես հաղորդում է «Հայկական ժամանակը», «Գազելում» եղածները ընտանիքի անդամներ են, որոնք Վանաձորից Ախթալա քաղաք էին գնում: «Վազ 21-04» մակնիշի մյուս ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորները, որոնց մեքենայի վրա եւս հսկա ժայռաբեկոր էր ընկել, բարեբախտաբար չեն տուժել, սակայն մեքենան լուրջ վնասվել է:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարները, Լոռու ճանապարհային ոստիկանները: Ճանապարհը փակ է: Տեղի ճանշինի ավտոկռունկի միջոցով, փրկարարների հետ համատեղ այս պահին իրականացնում են ժայռաբեկորների հեռացման աշխատանքներ:

Վանաձոր-Բագրատաշեն-Վրաստանի սահման ավտոճանապարհին արդեն մի քանի տարի է՝ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ, սակայն տվյալ հատվածում շինարարական աշխատանքները դեռեւս չեն մեկնարկել: Ճանապարհը միշտ էլ եղել է վտանգավոր: Այստեղ պարբերաբար քարաթափումներ են տեղի ունենում:

*

*