Լեռնանիստ գյուղի մթերային խանութում տեղի է ունեցել պայթյուն. կա 2 զոհ և 2 տուժած (լուսանկարներ)

Փետրվարի 14-ին՝ ժամը 10:15-ին, ահազանգ է ստացվել...

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 14-ին՝ ժամը 10:15-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում՝ մթերային խանութում, տեղի է ունեցել պայթյուն: Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ և երկու տուժած:

Ինչպես տեղեկացրին ԱԻ նախարարությունից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը և հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգիչը:

Տուժածները տեղափոխվել են Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն:

Ըստ Shamshyan.com-ի նախնական տեղեկությունների էլ՝ գյուղի խանութը փլուզվել է շենքի տանիքում մնացած ձյան պատճառով, ինչի հետևանքով էլ՝ դարձյալ, ըստ նախնական տեղեկությունների, փլատակների տակ քաղաքացիներ են մնացել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Լեռնանիստ գյուղ են ժամանել Հրազդանի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, ինչպես նաև Հրազդանի հիվանդանոցի հերթապահ խմբերը։

Քաղաքացիները, փրկարարները ոստիկանների և բժիշկների հետ համատեղ աշխատանքներ են կատարում՝ պարզելու՝ փլատակների տակ քաղաքացիներ դեռ կա՞ն, թե՞ ոչ, իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ աշխատակիցներ, հաստատ, կան այնտեղ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շենքը, որը փլվել է, օգտագործվում էր որպես մթերային խանութ և այն կառուցվել էր ԽՍՀՄ տարիներին։

*

*