Լարսի ճանապարհին կուտակված մեքենաների թիվը հասնում է 600-ի

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը այցելել է՝ տեղում ծանոթանալու իրավիճակին:
Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 13-ին այցելել է Ստեփանծմինդա — Լարս ճանապարհահատված՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Արդեն մոտ 2 շաբաթ է` ձյան առատ տեղումների եւ բքի պատճառով ճանապարհահատվածը որոշակի սահմանափակումներով բաց է միայն մարդատար եւ մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար: Բեռնատարները 10 օրից ավելի է` սահմանակետում սպասում են եղանակային պայմանների բարելավմանը: Նախարարը զրուցել է վարորդների հետ, հետաքրքրվել, թե ինչ աջակցություն կարիք ունեն:
 
Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Խուցիշվիլին, սահմանային անցակետի վրացական կողմում Վահան Մարտիրոսյանին ներկայացնելով իրավիճակը, նշել է՝ Վրաստանի համապատասխան կառույցներն աշխատում են արտակարգ ռեժիմով: Իրականացվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ, սակայն եղանակային պայմաններն անհնարին են դարձնում տրանսպորտային միջոցների անվտանգ երթեւեկը:
 
«Կուտակված մեքենաների թիվը շատ մեծ է, հասնում է 600-ի, որից մոտ 400-ը Հայաստան եկող մեքենաներ են: Հանդիպեցինք վարորդների հետ, լսեցինք իրենց պրոբլեմները: Մոտ 2 շաբաթ կանգնած են, օրական 50 մեքենա կարողանում է անցնել ` կախված եղանակային պայմաններից»,- նշեց Վահան Մարտիրոսյանը:
 
Թե՛ վրացական, թե՛ ռուսական կողմի մաքսային ծառայության ղեկավարները նախարարին վստահեցրել են՝ եղանակի թեկուզ կարճաժամկետ բարելավման դեպքում հնարավորին արագ կկազմակերպեն կուտակված ծանրաքարշ մեքենաների մաքսային ձեւակերպումները:
Նույն օրը երեկոյան արդեն Թբիլիսիում Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման, ինչպես նաեւ ենթակառուցվածքների եւ տարածքային զարգացման նախարարներին: Դեկտեմբերի 14-ին էլ Վահան Մարտիրոսյանին ընդունել է Վրաստանի վարչապետը: Վրաց պաշտոնյաները վստահեցրել են՝ վարորդներին կտրամադրվի ցանկացած օժանդակություն: Առաջին հնարավորության դեպքում կկազմակերպի նաեւ մեքենաների անվտանգ երթեւեկությունը: Սաստիկ բքի եւ առատ տեղումների պատճառով այս պահի դրությամբ Ստեփանծմինդա — Լարս ճանապարհահատվածը երկկողմանի փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար:

*

*