Կրկնակի վրաերթից տեղում մահացել է Բնապահպանության նախարարության բաժնի պետը

Ժամը 21:40-ի սահմաններում ՃՈ-ի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել՝ «Մասիս» ռեստորանային համալիրի դիմաց տղամարդու դի կա:
vraert

Այսօր՝ օգոստոսի 25-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ թաղամասի «Մասիս» ռեստորանային համալիրի դիմաց տղամարդու դի կա: Գրում է shamshyan.com կայքը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշով:

Դեպքի վայրում հայտնաբերվել է Lexus մակնիշի 51 MM 015 համարանիշի և BMW մակնիշի 11 TT 444 համարանիշի ավտոմեքենաներ: Lexus-ի վարորդի կողմից ձախ հատվածում կան վրաերթի հետքեր, հետքեր կան նաև BMW-ի վրա: Ըստ նախնական տեղեկությունների՝ Lexus-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, շպրտել հանդիպակաց գոտի, որից հետո հետիոտնը կրկնակի վրաերթի է ենթարկվել BMW-ի կողմից:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 38-ամյա Սիմոն Գրիգորյանն էր, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ աշխատում էր ՀՀ բնապահպանության նախարարությունում՝ որպես բաժնի պետ:

Քննիչի հանձնարարականով 2 ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

*

*