Կոնդի եկեղեցու հարակից տարածքում հրդեհը մարվել է. տուժածներ չկան

Դեպքի առթիվ կատարվում է հետաքննություն հանգամանքները պարզելու համար:
kond-hrdeh

Երևանի Կոնդ թաղամասի սբ. Հովհաննես եկեղեցու հարակից տարածքում երկու վագոն-տնակում սկսված հրդեհը մարվել է:

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ տնակներից մեկը 15 քմ տարածքով է, մյուսը՝ 30 քմ:

Դեպքի վայր սկզբում ժամանել էր ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ապա անհրաժեշտություն էր առաջացել ևս երկու մարտական հաշվարկի: Տեղում էր նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ դեպքի վայրում էր նաև ՀՀ ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն, ում ջանքերի շնորհիվ ժամանեցին նաև մյուս մարտական հաշվարկները:

«Ներսում մարդ չի եղել, կենցաղային իրեր են եղել, շինարարական աշխատանքներ իրականացնող անձանց հագուստ: Այրվել է նաև 300 քմ խոտածածկ տարածք և աղբ»,- նշեցին ԱԻՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից և հավելեցին, որ դեռևս հրդեհի պատճառը հայտնի չէ:

Դեպքի առթիվ կատարվում է հետաքննություն հանգամանքները պարզելու համար:

*

*