Արցախի նախագահի խոսնակը՝ հակառակորդի կողմից «Սմերչ» եւ թուրք վարձկաններ օգտագործելու մասին — Երկիր Մեդիա

Արցախի նախագահի խոսնակը՝ հակառակորդի կողմից «Սմերչ» եւ թուրք վարձկաններ օգտագործելու մասին

Դավիթ Բաբայանն անդրադարձել է լուրերին, որ այս ընթացքում Ադրբեջանը կիրառել է «Սմերչ» զինատեսակ։
davit-babayan-adrbejan-smerch

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն անդրադարձել է լուրերին, որ այս ընթացքում Ադրբեջանը կիրառել է «Սմերչ» զինատեսակ։

Դավիթ Բաբայանը նշել է, որ իրենք էլ նման տեղեկություններ ունեն, որոնք ճշտված չեն:

«Ունենք որոշ չճշտված տեղեկություններ և ոչ միայն «Սմերչ» կիրառելու վերաբերյալ, այլ նաև նրա մասին, որ Ադրբեջանը՝ որպես վարձկաններ, իր բանակի շարքերում ներգրավել է «Գորշ գայլեր»-ի և մի շարք այլ ահաբեկչական խմբերի անդամների: Դրա մասին կան դեռևս չճշտված տվյալներ, բայց մենք, երևի թե կունենանք ապացույցներ, որոնք կլինեն ավելի վստահելի:

Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է բոլոր միջազգային նորմերը և փաստաթղթերը, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիան՝ օգտագործելով զինատեսակներ, որոնք ունեն կործանիչ հատկանիշներ, որպես թիրախ վերցնելով քաղաքացիական օբյեկտները, իր զինված ուժերի մեջ ներգրավելով վարձկանների և միջազգային ահաբեկիչների»,- նշել է Բաբայանը:

Նա նաեւ տեղեկացրել է, որ ապրիլի 2-ի  դրությամբ վիրավորների թիվը 40 է, որոնց վիճակը ծանր է:

«Բայց մեր Առողջապահության նախարարությունը, բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի այդ մարցկանց կյանքը փրկեն: Եվ ոչ միայն նրանց կյանքերը փրկեն, այլ այնպես անեն, որ նրանք հաշմանդամ չդառնան: Սա զգայուն և երկարատև գործընթաց է, բայց բժիշկները անում են ամեն ինչ»,- ասաց Բաբայանը:

Հարցին՝ հրապարակվելո՞ւ են արդյոք զոհվածների անունները, Բաբայանը պատասխանել է,- «Մենք թաքցնելու ոչինչ չունենք: Դեռևս ճշտելու բաներ կան, երբ ամեն ինչ պարզ կլինի, բնական է, որ հանրությունը տեղյակ կլինի:

Ըստ ամենայնի, մենք այսօր զոհեր չենք ունեցել: Տեսնենք, ինչպես է զարգանում իրավիճակը, որովհետև թշնամին նույնիսկ գիշերվա ժամերին օգտագործում է տարբեր տեսակի զինատեսակներ՝ մթությունը որպես թաքնվելու մի ձև օգտագործելով: Հույս ունենք, որ մենք այլևս զոհեր չենք ունենա»:

*

*