Կարեն Վարդանյանը սպանված է հայտնաբերվել. բացահայտվեց առեղծվածային անհետացումը

Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր 1982 թ. ծնված Կարեն Վարդանյանը...

Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր 1982 թ. ծնված Կարեն Վարդանյանը, որը մարտի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններ մեկշաբաթյա գործուղում մեկնելու նպատակով դուրս էր եկել տնից եւ չէր վերադարձել:

Մարտի 30-ին ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի (Սպանություն) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում՝ մարտի 31-ին, ժամը 23.40-ին, Երեւանի Տիգրան Մեծի եւ Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկից, սպանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն բերման են ենթարկվել 1993 թ. ծնված Գեւորգ Զոհրաբյանը, 1981 թ. ծնված Ա. Զ.-ն, 1979 թ. ծնված Հ. Վ.-ն, 1960 թ. ծնված Ա. Դ.-ն, իսկ ժամը 23.55-ին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղից բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Արթուր Միհրանյանը:

Պարզվել է, որ մարտի 17-ին Արթուր Միհրանյանը եւ Գեւորգ Զոհրաբյանը բութ գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել եւ սպանել Կարեն Վարդանյանին, իսկ դին թաքցրել են Գեւորգ Զոհրաբյանին պատկանող Երեւանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակում: Արթուր Միհրանյանը եւ Գեւորգ Զոհրաբյանը ձերբակալված են: Քննությունը շարունակվում է:

Կարեն Վարդանյանն «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փորձագետ էր, վերլուծաբան, նրա անհետացման մասին ահազանգել էին նաեւ նրա գործընկերները։

*

*