ՀՀ փոխոստիկանապետ Երանոսյանի եղբայրը Ջրառատի դեպքերից հետո հիվանդանոցում է

Երանոսյանը փակ գանգուղեղային տրամվայով «Նաիրի» ԲԿ-ում է։
yeranosyan

aysor.am — Ջրառատ գյուղում մարտի 12-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով Լեռնիկ Երանոսյանը փակ գանգուղեղային տրավմա է ստացել: «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Երանոսյանը փակ գանգուղեղային տրամվայով պառկած է նյարդաբանական և նեյրովիրաբուժական բաժանմունքում:

«Նրան երեկ գիշերը հիվանդանոց բերել են այդ վիճակում: Դժվար է ասել՝ երկար կմնա՞ թե ոչ: Նա այժմ բժիշկների հսկողության տակ է ու համապատասխան բուժում է ստանում», — փոխանցեց Գնունին:

Նշենք, որ Լեռնիկ Երանոսյանը Հայաստանի փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի եղբայրն է:

Անդրադարձել էինք Ջրառատում տեղի ունեցած միջադեպին. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն ուշ գիշերը հաղորդագրություն տարածեց, որով տեղեկացնում էր, որ դաշինքի համակիրների ուղղությամբ Ջրառատի գյուղապետի կողմնակիցները կրակոցներ են արձակել:

«Ջրառատ գյուղում անցկացրած հաջող քարոզարշավից և գյուղացիների ջերմ ընդունելությունից, «թերևս, սրտնեղած՝ նույն գյուղի գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանի (սույն գյուղապետը ոչ անհայտ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի բարեկամն է, իսկ գյուղն էլ՝ նույն Երանոսյանի ծննդավայրն է) կողմից սպառնալիքներ է հնչեցվել գյուղի բնակչի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հանդեպ։

«Ընդ որում՝ գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել։ Ատրճանակը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցները խլել են նրա ձեռքից եւ վնասազերծել օրինախախտին:

Ուշագրավն այն է, որ ատրճանակով սպառնացող սուբյեկտին կարգի հրավիրելու փոխարեն իրավապահ մարմինների ներկայացուցիչները ոստիկանության Էջմիածնի բաժին են բերման ենթարկել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրներին», -հայտարարել էր դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը:

Ոստիկանության լրատվական ծառայությունը հայտարարել է, որ տեղի ունեցած միջադեպին համապատասխան ընթացք կտրվի:

*

*