Խումբը Հունաստանից Հայաստան է ներկրել թմրանյութ եւ իրացրել

Գտնվելով կալանավայրում՝ կազմակերպել են ողջ շղթան...
qnnchakan shenq

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում՝ բացահայտվել է կազմակերպված խմբի կողմից մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոցներ ներմուծումը, պարզվել խմբի անդամների ինքնությունը, անհատականացվել նրանց գործողությունները։

Կոմիտեի փոխանցմամբ, նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2015թ. մայիսից մինչև հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպված խմբի կողմից մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներ են ներմուծվել ՀՀ և դրանք իրացվել տարբեր անձանց:

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կազմակերպված խմբի անդամների ինքնությունը, ապացույցներ ձեռք բերվել, որ այն ձևավորվել է ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալների նախաձեռնությամբ, ովքեր ունեցել են նաև օժանդակողներ ազատության մեջ։

Մասնավորապես՝ Հ.Կիրակոսյանը «Հրազդան» ՔԿՀ-ում պատիժը կրելու ընթացքում համաձայնություն է ձեռք բերել նույն ՔԿՀ-ի դատապարտյալ Վ.Կարապետյանի հետ՝ Բ.Մկրտչյանի միջոցով Հայաստան թմրամիջոցներ տեղափոխելու և դրանք իրացնելու վերաբերյալ: Նրանց երեքի կազմում ստեղծված կազմակերպված կայուն խմբի հանցավոր գործունեությունն իրականացնելու նպատակով՝ որպես հանցագործության օժանդակողներ են ներգրավվել ազատության մեջ գտնվող քաղաքացիներ Ա.Հարությունյանը և Հ.Նիկոյանը:

Ըստ կատարված դերաբաշխման՝ Բ.Մկրտչյանը, մաքսային հսկողությունից թաքցնելով, Հունաստանից Հայաստան է առաքել ապօրինի ձեռք բերած թմրամիջոցները, որոնք Հայաստանում ստացել է Հ.Կիրակոսյանը՝ Հ.Նիկոյանի օժանդակությամբ, և փոխադրել, իսկ իրացումից ստացված գումարները հավաքել և ուղարկել է Բ.Մկրտչյանին: Վ.Կարապետյանը պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ-ում թմրամիջոց ձեռքբերողների հետ, կազմակերպել Ա.Հարությունյանի և Հ.Նիկոյանի օժանդակությամբ դրանց իրացումները:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Հ.Կիրակոսյանին, Վ.Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի, 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի հատկանիշներով, Ա.Հարությունյանին և Հ.Նիկոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով:

Բ.Մկրտչյանի մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ, նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի, 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի հատկանիշներով և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

*

*